ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
ՀՀ-ում քաղաքական փոփոխություններ պետք է տեղի ունենան բացառապես ընտրությունների ճանապարհով. Նարեկ Կարապետյան

ՀՀ-ում քաղաքական փոփոխություններ պետք է տեղի ունենան բացառապես ընտրությունների ճանապարհով. Նարեկ Կարապետյան

Ըստ «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ, կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանի՝ Հայաստանում քաղաքական փոփոխություններ պետք է տեղի ունենան բացառապես ընտրությունների ճանապարհով, քանի որ հասարակությունը հիասթափվել է փողոցային շարժումներից։ Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում՝ Հակակոռուպցիոն դատարանի դիմաց հավաքի ժամանակ, որտեղ քննվում է Կարապետյանի կալանքի երկարացման միջնորդությունը։

Կարապետյանը նաև հայտնեց, որ իրենց նախաձեռնած «Մեր ձևով» շարժումն ավելի սոցիալական, տնտեսական ուղղվածություն է ունենալու։

Նրա խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ համագործակցություն չի լինելու, Սամվել Կարապետյանը հանդես է գալու իր ծրագրերով, իր մոտեցումներով:

«Այն անհատները, որոնք ունեն պրոֆեսիոնալ որակներ, ներգրավելու ենք։ Մենք ուրիշ բան ենք առաջարկում մեր հանրությանը։ Համագործակցություն կլինի երիտասարդ ուժերի հետ»,– ասաց «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահը և հավելեց, որ մինչև օգոստոսի վերջ «Մեր ձևով» շարժման անդամներն ասուլիս կհրավիրեն ու կներկայացնեն, թե ինչ նպատակներ ունեն:

  • Կիսվել: