ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՀՀ-ում Լեհաստանի նորանշանակ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀՀ-ում Լեհաստանի նորանշանակ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հունիսի 28-ին ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Պյոտր Սքվեչինսկին և դեսպանատան այլ աշխատակիցներ այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը:

Նա անդրադարձ է կատարել Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով, որ տեղի ունեցածը Հայոց ցեղասպանության շարունակությունն էր: Էդիտա Գզոյանն անդրադարձավ նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրել Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը:

Պարոն Պյոտր Սքվեչինսկին ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո դեսպան Պյոտր Սքվեչինսկին գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

  • Կիսվել: