շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀՀ-ում Կիպրոսի դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ՀՀ-ում Կիպրոսի դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ՀՀ-ում Կիպրոսի Հանրապետության նորանշանակ դեսպան Կիպրոս Յորգալիսի (նստավայրը՝ Մոսկվա) գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 15-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

«Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազտամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Նրանք անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:

Լուսինե Աբրահամյանը հյուրերին ուղեկցեց Հուշապատի մոտ, որի հետնամասում ամփոփված են օտարազգի այն հասարակական, քաղաքական գործիչների, միսիոներների մասունքները, որոնք իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ընդդեմ թուրքական կառավարության իրագործած հայերի ցեղասպանության:

Նրանք շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո պարոն Կիպրոս Յորգալիսը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Այցի ավարտին ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը պատվավոր հյուրին նվիրեց “The Armenian Genocide Through the Cypriot Press 1914-1923 With Reference to Earlier Massacres” գիրքը»,- ասված է Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի տարածած հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: