հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Սենտ Էտիենի քաղաքապետը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սենտ Էտիենի քաղաքապետը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սենտ Էտիենի քաղաքապետ Գաել Պերդրիոյի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 20-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
 
 
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից տեղեկացնում են, որ պատվիրակության կազմում էին Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Ֆրանսիայի կողմից 2001 թ. հունվարին ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման օրենքի զեկուցող, Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևի հեղինակ Ֆրանսուա Ռոշեբլուանը, Սենտ Էտիենի հայկական ասոցիացիայի նախագահ Վ. Խոսրովյանը, Սենտ Էտիենի քաղաքապետի խորհրդական, Հայոց ցեղասպանությունը վերապրածի ժառանգ Ժ. Կոտչյանը և այլք:
 
 
«Սենտ Էտիենի քաղաքապետ Գաել Պերդրիոն ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:  Հյուրերին ուղեկցել են հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները: Հյուրերը մեծ հետաքրքրությամբ լսեցին հատկապես Անատոլ Ֆրանսի հայանպաստ գործունեության մասին:
 
Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում դրված Ֆրանսիայի կողմից 2001 թ. հունվարի 29-ին Հայոց ցեղասպանության ճանաչմանը նվիրված խաչքարի մոտ ճանաչման օրենքի զեկուցող Ֆրանսուա Ռոշեբլուանը կարճ ելույթ ունեցավ՝ ներկայացնելով օրենքի ընդունման ընթացքը:
 
 
Այցի ավարտին ֆրանսիական պատվիրակության անդամները շրջեցին Հիշողության պուրակում, որտեղ կա նաև հայ ժողովրդի լավ բարեկամ Ֆրանսուա Ռոշեբլուանի տնկած եղևնին»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: