շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Քենթրբերիի արքեպիսկոպոս Վերապատվելի Ջաստին Վելբին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Քենթրբերիի արքեպիսկոպոս Վերապատվելի Ջաստին Վելբին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Անգլիկան եկեղեցու Քենթրբերիի արքեպիսկոպոս Վերապատվելի Ջաստին Վելբիի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 5-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:
 
Վերապատվելի Ջաստին Վելբին ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
 
Հարություն Մարությանը հյուրերին ուղեկցեց Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները:
 
Պատվիրակության անդամները շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո Վերապատվելի Ջաստին Վելբին գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
 
Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը և Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի վարիչ, պ.գ.թ. Շուշան Խաչատրյանը պատվավոր հյուրին նվիրեցին Հայոց ցեղասպանության մասին գրքեր: Այցի ավարտին հյուրերը եղան նաև Հիշողության պուրակում, որտեղ Վերապատվելի Ջաստին Վելբին ջրեց Քենթրբերիի արքեպիսկոպոս Ռոուան Ուիլիամսի 2007 թ. տնկած եղևնին:

  • Կիսվել: