շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավարը կարևորել է Հռոմի ստատուտի վավերացումը ՀՀ Ազգային ժողովի կողմից

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավարը կարևորել է Հռոմի ստատուտի վավերացումը ՀՀ Ազգային ժողովի կողմից

Մեր երկիրն ու հայ ժողովուրդն այսօր կանգնած են բազմաթիվ մարտահրավերների առջեւ: Ադրբեջանը շարունակական հարձակումներ է իրականացնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ, որի վերջնակետը եղավ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիան: Լեռնային Ղարաբաղը ենթարկվեց էթնիկ զտման, բռնի տեղահանվեցին տասնյակ հազարավոր երեխաներ, կանայք, հաշմանդամություն ունեցող մարդիկ, տարեցներ: Նրանք 9 ամիս շարունակ տառապեցին Ադրբեջանի արգելափակման եւ պաշարման պայմաններում, իսկ վերջում ենթարկվեցին ռազմական հարձակման տասնյակ հազարանոց զորքի կողմից. սպանվել են երեխաներ, կանայք, տարեցներ: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը ՀՀ-ում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ հանդիպման ընթացքում: Այն տեղի է ունեցել հոկտեմբերի 5-ին, որին մասնակցել են հանձնաժողովի անդամներ, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը եւ Մարինա Ղազարյանը:

Ռուստամ Բաքոյանը շեշտել է, որ ռուս խաղաղապահ զորախումբը չի կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագրով ստանձնած պարտավորությունները, իսկ Ադրբեջանն անտեսել է Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը:

«Ցավով պետք է նշեմ, որ այս ամենն իրականացավ Ադրբեջանի անպատժելիության հետեւանքով, միջազգային հանրության գործուն քայլերի բացակայության պայմաններում: Իր հանցավոր վարքագծով Ադրբեջանն էապես խաթարում է տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը՝ կոպտորեն խախտելով մարդու իրավունքներն ու հումանիտար իրավունքը»,- ասել է Ռուստամ Բաքոյանը՝ ընդգծելով  տարածաշրջանում կայունության եւ անվտանգության հաստատման տեսանկյունից չափազանց կարեւոր ԵՄ դերակատարությունը:

Նա անդրադարձել է մեր երկրի համար այս դժվարին օրերին ԵԽ կատարած ծավալուն աշխատանքներին, Եվրախորհրդարանի պատգամավորներ Նատալի Լուազոյի, Վիոլա ֆոն Կրամոնի, Ժորդան Բարդելայի հայամետ հայտարարություններին, որոնք տարբեր հարթակներով շարունակաբար բարձրաձայնում են մեր ժողովրդի առջեւ ծառացած խնդիրները: Նա ողջունել է նաեւ ԵԽ մի խումբ պատգամավորների կողմից Եվրոպական խորհրդարանին ներկայացված համատեղ հայտարարությունը՝ սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակման վերաբերյալ:

Ռուստամ Բաքոյանը բարձր է գնահատել Եվրոպական միության միջնորդական ջանքերն ու իրավիճակի կայունացմանն ուղղված քայլերը, այդ թվում՝ Հայաստանում Եվրոպական միության առաքելության տեղակայումը: Նա նշել է, որ այսօր դիտորդական առաքելության ընդլայնման անհրաժեշտություն կա՝ որպես ադրբեջանական հանցավոր վարքագծի զսպօղակ՝ հավելելով, որ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը դարձել է հրատապ անհրաժեշտություն:

Հանձնաժողովի նախագահի տեղակալը նշել է, որ բռնի տեղահանության հետեւանքով ստեղծված իրավիճակի հաղթահարման նպատակով Հայաստանն ակնկալում է Եվրոպական միության օժանդակությունը:

«Մենք կարեւորում ենք խորհրդարանական ժողովրդավարությունը եւ այստեղ ենք լսելու ու օգնելու ձեզ, ամրապնդելու մեր համագործակցությունը»,- ասել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար Վասիլիս Մարագոսը՝ հանգամանալից ներկայացնելով ԵՄ կողմից իրականացված եւ իրականացվելիք քայլերն ու ծրագրերը:

Նրա ներկայացմամբ ԵՄ-ն արդեն տրամադրել է հումանիտար աջակցություն եւ աշխատում է Գորիսում գործող քաղհասարակության որոշ կազմակերպությունների հետ: ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի խոսքով հոկտեմբերի 6-ին Հայաստան է այցելելու ԵՄ մարդասիրական օգնության եւ ճգնաժամային իրավիճակների կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչը եւ կհայտարարի հավելյալ աջակցության մասին: Դեսպանի խոսքով ՀՀ կառավարության կողմից մոբիլիզացվել է ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը, որին մասնակցում են ինչպես ԵՄ որոշ անդամ, այնպես էլ ոչ անդամ պետություններ, ինչպես օրինակ՝ Նորվեգիան: Աջակցության առաջին քայլերն արվել են: Բժշկական թիմեր են ժամանել եւ կժամանեն Բելգիայից, Ֆրանսիայից, Լիտվայից եւ Բուլղարիայից: Կառավարության հետ քննարկվում է տներով, աշխատատեղերով ապահովելու, գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով  միջնաժամկետ պլանով աջակցություններ տրամադրելու հարցը:

«Մենք շարունակում ենք նվիրված մնալ խաղաղության օրակարգի կառուցմանը եւ ողջունում ենք ՀՀ կառավարության հանձնառությունն այդ ուղղությամբ»,- ասել է Վասիլիս Մարագոսը:

Դեսպանը կարեւորել է Հռոմի ստատուտի վավերացումը ՀՀ Ազգային ժողովի կողմից՝ ընդգծելով, որ դրա ընդունումը եւս մեկ ազդակ է՝ ցուցադրելու, որ Հայաստանը գնում է դեպի ժողովրդավարություն:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ Հռոմի ստատուտի վավերացումը չափազանց կարեւոր է Հայաստանի համար՝ էթնիկ զտման խնդիրները Միջազգային քրեական դատարանին հասցեագրելու համար եւ կապ չունի արտաքին քաղաքական վեկտորների հետ: Նա հաստատել է Հայաստանի ցանկությունը ԵՄ հետ հարաբերությունները խորացնելու հարցում՝ ընդգծելով որոշ առաջնային ուղղություններում փոխգործակցությունը: Արթուր Հովհաննիսյանը կարեւորել է ժողովրդավարության պաշտպանությունը, տնտեսական համագործակցությունը ԵՄ անդամ երկրների հետ՝ ակնկալելով ԵՄ աջակցությունն այս հարցերում:

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, Սյունիքը ներկայացնող պատգամավոր Մարինա Ղազարյանը դեսպանին ներկայացրել է բռնի տեղահանված հայրենակիցների հետ տարված աշխատանքները՝ ընդգծելով, որ սյունեցիների համար առաջնային է անվտանգության հարցը եւ, այդ առումով, ակնկալվում է ԵՄ աջակցությունը: Նա տեղեկացրել է, որ պատրաստվում է մեկնել Սյունիք՝ աշխատելու Ստեփանակերտի եւ ԼՂ այլ մանկատների՝ բռնի տեղահանված երեխաների հետ: «Անհրաժեշտություն կա հավաքագրելու, քարտեզագրելու մանկատների երեխաների խնդիրները եւ աջակցելու նրանց»,- նշել է նա:

Դեսպանը խնդրել է  տրամադրել համապարփակ տեղեկատվություն՝ այցելությունից հետո աջակցություն տրամադրելու համար:

  • Կիսվել: