հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՀՀ-ում ԵՄ առաքելության տեղակայումը վճռորոշ դեր կխաղա տեղում անվտանգության ապահովման գործում․ Փաշինյան

ՀՀ-ում ԵՄ առաքելության տեղակայումը վճռորոշ դեր կխաղա տեղում անվտանգության ապահովման գործում․ Փաշինյան

Հայաստանում Եվրամիության մոնիտորինգային առաքելության տեղակայումը վճռորոշ դեր կխաղա տեղում անվտանգության և տարածաշրջանում կայունության ապահովման գործում, ինչպես նաև ներկա իրավիճակի մասին ԵՄ-ում գործընկերներին և նրա անդամ երկրներին ժամանակին և հուսալի զեկուցելու գործում։  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդում քննարկման բացման խոսքում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

Վարչապետը բացման խոսքում նախ իր երախտագիտությունն ու գնահատանքը հայտնեց Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդի փոխնախագահ Ռալֆ Նիկելին, տնօրեն Գունտրամ Վոլֆին և նրա թիմին՝ միջոցառումը կազմակերպելու համար։  Նա նշեց, որ այսօր աշխարհը ապրում է մի ժամանակաշրջանում, երբ ամբողջ աշխարհում տեղի են ունենում ոչ միայն բնական, այլև աշխարհաքաղաքական տեկտոնական տեղաշարժեր։ Խորացող աշխարհաքաղաքական անկայունությունը, աճող լարվածությունն ու անկանխատեսելիությունը թուլացնում են աշխարհակարգն ու միջազգային անվտանգային համակարգը՝ էլ ավելի մեծ մարտահրավերներ ստեղծելով հատկապես Հայաստանի համար՝ բարդ տարածաշրջանում ժողովրդավարություն հանդիսացող երկիրն ավելի խոցելի դարձնելով։

 

«Մենք ականատես եղանք այսօրվա մարտահրավերների առաջին ծիլերին և մեր տարածաշրջանում եվրոպական անվտանգային ճարտարապետության փլուզմանը դեռևս 2020 թվականին, երբ Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի դեմ։

 

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանը ոչ միայն չհրաժարվեց իր ռազմատենչ և սպառնալիքների քաղաքականությունից, այլև նոր ագրեսիա իրականացրեց՝ այս անգամ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների դեմ 2021 թվականի մայիսին, 2021 թվականի նոյեմբերին և 2022 թվականի սեպտեմբերին։

Վերջին ագրեսիայի ժամանակ՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ը, Ադրբեջանը ձեռնարկեց լայնածավալ ռազմական հարձակում՝ թիրախավորելով Հայաստանի ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքները՝ օգտագործելով ծանր հրետանի, հրթիռային համակարգեր և անօդաչու սարքեր։ Դրա հետևանքով հայկական կողմն ունեցել է 225 զոհ, այդ թվում՝ 3 խաղաղ բնակիչ, օկուպացվել է Հայաստանի ինքնիշխան տարածքների ավելի քան 150 քառակուսի կիլոմետրը»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ այսօր չէր ցանկանա խորանալ 2020, 2021, 2022 թվականների ագրեսիաների մանրամասների մեջ, սակայն, նրա խոսքով, անհնար է անտեսել գերի ընկած կամ արդեն մահացած հայ զինծառայողների (այդ թվում՝ կին զինծառայողների) խոշտանգումների բազմաթիվ դեպքերը, անդամահատման փաստերը և ադրբեջանական զինուժի այլ վայրագությունները։

«Տարածված սարսափելի տեսանյութերը, որտեղ Ադրբեջանցի զինվորականները «Իսլամական պետության» ոճով ռազմական հանցագործություններ են գործում՝ մահապատժի ենթարկելով հայ ռազմագերիներին, պետք է ճանաչվեն և հասցեագրվեն միջազգային հանրության կողմից։ Մեկ այլ խնդիր է Ադրբեջանի կողմից Սիրիայից վարձկանների ներգրավումը»,- նշեց վարչապետը։

Նա հիշեցրեց, որ 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ, երբ Հայաստանի արտաքին անվտանգային համակարգը չգործեց, Հայաստանը խնդրեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել, որը տեղի ունեցավ 2022 թվականի սեպտեմբերի 15-ին: Նիստի ընթացքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրները նշեցին, որ ուժի կիրառումը բացարձակապես անընդունելի է, բացահայտորեն մատնանշեցին ագրեսորին՝ Ադրբեջանին, ընդգծեցին միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի պահպանման կարևորությունը՝ ընդգծելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման փաստը Հայաստանի տարածքում։

«Իրավիճակի դեէսկալացիայի ուղղությամբ կարևոր քայլ էր նախագահ Մակրոնի, նախագահ Միշելի, նախագահ Ալիևի և իմ քառակողմ հանդիպումը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում, որտեղ համաձայնություն ձեռք բերվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով ԵՄ-ի կարճաժամկետ մոնիտորինգային առաքելության տեղակայման վերաբերյալ:

Երբ այս առաքելության մանդատն ավարտվեց 2022 թվականի դեկտեմբերի 19-ին, Հայաստանի խնդրանքով ԵՄ խորհուրդը որոշում կայացրեց Հայաստանի Հանրապետության տարածքում երկու տարի ժամկետով նոր, լիարժեք քաղաքացիական առաքելություն (EUMA) տեղակայել»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը Հայաստանի կառավարության անունից երախտագիտություն հայտնեց ԵՄ-ին և նրա անդամ երկրներին, մասնավորապես՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությանը՝ Հայաստանի խնդրանքին աջակցելու համար։

«Առաքելությունը մեկնարկել է փետրվարի 20-ին, և ես արդեն հանդիպել եմ առաքելության ղեկավար, միջազգային տեղակայման ոլորտում մեծ փորձ ունեցող ձեր հայրենակից պարոն Մարկուս Ռիտերի հետ Երևանում:

Առաքելությունը վճռորոշ դեր կխաղա տեղում անվտանգության և տարածաշրջանում կայունության ապահովման գործում, ինչպես նաև ներկա իրավիճակի մասին ԵՄ-ում մեր գործընկերներին և նրա անդամ երկրներին ժամանակին և հուսալի զեկուցելու գործում»,- եզրափակեց վարչապետը։

  • Կիսվել: