շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
ՀՀ-ում 2018 թվականից ընտրակաշառքի ինստիտուտը հիմնովին վերացվել է, վստահ եմ՝ ժողովուրդը թույլ չի տալու, որ այն որևէ մեկը փորձի վերականգնել. Հովհաննիսյան

ՀՀ-ում 2018 թվականից ընտրակաշառքի ինստիտուտը հիմնովին վերացվել է, վստահ եմ՝ ժողովուրդը թույլ չի տալու, որ այն որևէ մեկը փորձի վերականգնել. Հովհաննիսյան

«Բանավեճի ընթացքում ՔՊ կուսակցության Գյումրիի արտահերթ ավագանու ընտրությունների թեկնածու Սարիկ Մինասյանը հնարավորինս փորձեց ներկայացնել այն ծրագրերը, որոնք մեր կուսակցությունը՝ Սարիկ Մինասյանի գլխավորությամբ, քաղաքացու քվեն ստանալու դեպքում պետք է իրականացնի Գյումրի քաղաքում և լուծի տարիներով կուտակված շատ խորը խնդիրներ»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհնանիսյանը:

Հովհաննիսյանի խոսքով՝ գյումրեցիները կելնեն հենց բանավեճի ընթացքում հնչած տեքստերից, Սարիկ Մինասյանի ծրագրային այն դրույթներից, որոնք ներկայացրել է Գյումրեցու ապագան ավելի լավը դարձնելու համար. «Ինչ վերաբերում է հայտարարություններին, եթե դրանցում կան որևէ դրվագներ, որոնք իրավապահ մարմինների ուշադրությանն արժանի են, ապա վստահ եմ՝ կարժանանան իրավապահ մարմինների ուշադրությանը: Ինչ վերաբերում է ընտրակաշառքների վերաբերյալ տեղի ունեցող իրադարձություններին, ես պետք է վստահ արձանագրեմ, որ հնարավոր չէ ՀՀ-ում իրականացնել նման գործողություններ իրավապահ մարմինների կողմից՝ առանց փաստերի: ՀՀ-ում 2018 թվականից ընտրակաշառքի ինստիտուտը հիմնովին վերացվել է, արմատախիլ է արվել և վստահ եմ, որ ժողովուրդը թույլ չի տալու, որ այդ ինստիտուտը որևէ մեկը փորձի վերականգնել»:

Հարցին, թե արդյոք ՔՊ-ն պատրաստ կլինի կոալիցիա կազմել Վարդան Ղուկասյանի կուսակցության հետ՝ Հովհաննիսյանը նշեց՝ ոչ. «ՔՊ-ն պատրաստվում է հաղթել Գյումրու առաջիկա արտահերթ ընտրություններում: Մենք Գյումրիում գնում ենք հաղթանակի, որպեսզի ապահովենք գյումրեցիների բարեկեցիկ կյանքը և ապագան»:

  • Կիսվել: