հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
ՀՀ տարածքի անվտանգությունն ապահովելու համար բոլոր միջոցները փորձելու ենք, գոյություն ունեցողները չեն բավարարում. Սիմոնյան

ՀՀ տարածքի անվտանգությունն ապահովելու համար բոլոր միջոցները փորձելու ենք, գոյություն ունեցողները չեն բավարարում. Սիմոնյան

 Հայաստանի տարածքի անվտանգությունն ապահովելու համար իշխանությունները փորձելու են բոլոր միջոցները, քանի որ գոյություն ունեցող միջոցները չեն բավարարում:

Այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

Անդրադառնալով հարցին՝ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի Հայաստան այցի համատեքստում կարելի՞ է ասել, որ դեպի Արևմուտք վեկտորի փոփոխություն է կատարվում՝ Սիմոնյանն ասաց, որ վեկտորի հարց չկա, կա անվտանգության ապահովման հարց:

«Մենք ՀՀ տարածքային անվտանգությունն ապահովելու համար բոլոր միջոցները փորձելու ենք, որովհետև գոյություն ունեցող միջոցները մեզ չեն բավարարում»,-ասաց Սիմոնյանը:

Ալեն Սիմոնյանը նաեւ հավելեց, որ Հայաստանը բոլոր հնարավոր միջազգային հարթակներն օգտագործելու է. «Ես կարող եմ ասել, որ օրինակ, այս վատ դեպքը բավականին ստվերեց բոլոր իրադարձությունները, որը մինչ այդ էին տեղի ունեցել: Օրինակ, մենք ունեցանք ԵԽԽՎ-ի շատ լավ զեկույց, որը բավակնին ծանրակշիռ ու կարևոր փաստաթուղթ էր մեզ համար: Դա կարեւոր փաստաթուղթ էր նաեւ Լաչինի ու ԼՂ-ի հետ կապված: Կարծում եմ՝ դիվանագիտական առումով բավականին հաջողություններ կան գրանցված Հայաստանի կողմից: Մենք բոլոր միջազգային ֆորմատներում Լաչինի միջանցքի հարցը բարձրացնում ենք, դա իր ազդեցությունն ունենում է: Կարծում եմ՝ հետեւանքները մենք կտեսնենք նաեւ հողի վրա»,-ընդգծեց ԱԺ նախագահը:

Ալեն Սիմոնյանը նաև անդրադարձավ հարցին, թե ինչ են քննարկելու Տոյվո Կլաարի հետ, որը հայտարարել էր, որ Լաչինի միջանցքի հարցը լուրջ է ու անհրաժեշտ է շտապ լուծումներ գտնել, այն դեպքում, երբ Երևանը հայտարարել էր, թե Բաքվի հետ այդ հարցով քննարկելու բան չունի։ «Քննարկելու ենք հայության վիճակն այնտեղ և եռակողմ պայմանագրի կատարումը, ինչն ըստ էության տեղի չի ունենում։ Իսկ Լաչինի միջանցքի հետ կապված ամեն ինչ արդեն քննարկված և ստորագրված է։ Նկատի ունեմ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը»,– ասաց ԱԺ նախագահը։

  • Կիսվել: