կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
ՀՀ–ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա՞, թե՞ ոչ․ Փաշինյանի պատասխանը

ՀՀ–ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա՞, թե՞ ոչ․ Փաշինյանի պատասխանը

Թեպետ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ճգնաժամ հարուցելու ցանկություն ունեցողները շատ են, բայց ճգնաժամ չկա։ Այսօր ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց գործող վարչապետ (արձակուրդում գտնվող), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
Պատասխանելով լրագրողի հարցին՝ Փաշինյանը զուգահեռներ անցկացրեց Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների և ԵՄ ավիացիոն «սև ցուցակում» լինելու միջև։
 
«Մինչև հիմա մենք ավիացիոն սև ցուցակում ենք, սա նշանակում է, որ Հայաստան-ԵՄ հարաբերություններում ճգնաժա՞մ կա։ Ես հասկանում եմ, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ճգնաժամ հարուցելու ցանկություն ունեցողների թիվը բավականին մեծ է և՛ Հայաստանում, և՛ Ռուսաստանում։ Բայց ես ինչպես ասել եմ, մենք Ռուսաստանի հետ չենք վիճելու, առավել ևս չենք կռվելու, որովհետև դա անլուրջ է։ Ռուսաստանը գերտերություն է, որին պետք է վերաբերվել հարգանքով, և մենք վերաբերվում ենք հարգանքով։ Եվ Ռուսաստանի շահերին ենք վերաբերվում հարգանքով»,- ասաց Փաշինյանը։
Նա ևս մեկ անգամ կրկնեց, որ Հայաստանը երբեք ներգրավված չի եղել հակառուսական գործողությունների մեջ, ներգրավված չէ ու ներգրավված չի լինելու։
Անդրադառնալով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայաստանյան այցին, Փաշինյանը հակադարձ հարց ուղղեց՝ ինչո՞ւ Հայաստանը նման հարցեր չէր բարձրացնում, երբ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի ժամանակ Ադրբեջանի նախագահը Ռուսաստան էր գնում կամ հակառակը։
 
«Ես դեռ 2022թ․ ասել եմ, որ մենք Ուկրաինայի հետ կապված հարցերում, էն ժամանակ դեռ ՀԱՊԿ-ում մեր գործունեությունը նույնիսկ սառեցված չէր, ասել եմ, որ Ուկրաինայի հարցում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ։ Ինչի՞ պիտի Ուկրաինայի նախագահը չգար Հայաստան, ի՞նչն է խնդիր։ Մեր կոնֆլիկտի ժամանակաշրջանում Ադրբեջանի նախագահը քանի՞ անգամ է գնացել Ռուսաստան կամ Ռուսաստանի նախագահը քանի՞ անգամ է գնացել Ադրբեջան»,- ասաց Փաշինյանը։
 
Անդրադառնալով այն հարցին, թե ՌԴ-ում գտնվող որոշ հայեր մտավախություն ունեն, որ հունիսի 7-ից հետո իրենց կարող են արտաքսել, Փաշինյանը նշեց՝ ինքը նման մտավախություն չունի, և ով անօրինական հիմքով է գտնվում, նորմալ է, որ արտաքսում են։
Հիշեցնենք` Զելենսկին Երևան էր ժամանել` մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին։
 
 

  • Կիսվել: