ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ Քրեական օրենսգիրքը դառնալու է բոլոր կոռուպցիոներների սեղանի գիրքը, Աստվածաշունչը, չկա այլընտրանք․ ԱԺ պատգամավոր

ՀՀ Քրեական օրենսգիրքը դառնալու է բոլոր կոռուպցիոներների սեղանի գիրքը, Աստվածաշունչը, չկա այլընտրանք․ ԱԺ պատգամավոր

Ազգային ժողովում Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդության քննարկման ժամանակ ելույթ ունեցավ միայն «Իմ քայլի» պատգամավոր Արեն Մկրտչյանը՝ արձագանքելով իրենց ուղղավծ ընդդիմադիրների մի քանի հարցադրումների։

«Ասում եք ՝ ուր էիք դուք, երբ ԱԺ կին պատգամավորներ էին ոստիկանները հեռացնում փողոցից, ասում եմ՝ ուր էիք դուք, երբ Սերժ Սարգսյանի նախագահականի պարիսպների մոտից քարշ էին տալիս սևազգես մայրերին, այ էստեղ էիք ( ցուցադրում է ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ-ՀՅԴ կոալիցիոն հանդիպման լուսանկարը-խմբ․)։ Մարտի 1-ից առաջ նախագահական ընտրություններին ստացաք 300 հազար քվեն, փաթեթով նվիրում էիք ՀՀԿ-ին, հետո կոալիցվում ու ՀՀԿ-ի մոտ ժամավճարով ընդդիմություն խաղում։

Պարզ է, որ արժեքաբանական առումով մենք իրար հետ անհամատեղելի ենք, որովհետև մենք կազինոներ ու ցեմենտի գործարաններ չունենք, սարի գլխին դղյակ, դղյակի գլխին դղյակ ու դղյակի, դղյակի գլխին ռոլս ռոյսերով ու բենթլիներով լի գարաժներ չունենք, մեր տներում արջերի լեշեր չունենք փռած։ Թե բա ժողովուրդը սոված ա։ Ասում եք՝ մեր հեղափոխության վերջը եկել է, որ յոթ տոկոս ձայն էլ չունենք»։

Ծանոթ պատմություն է, էդ յոթ տոկոսի մասին 2018 թվականին ուրիշ խոսացող էլ կար։ Եթե դուք մինչև վերջ գնացող եք, մենք էդ վերջում կանգնած ենք, եկեք տեսնենք՝ ով եք։ Սա բացառապես իրավական գործընթաց է և պետք է ունենա միմիայն իրավական ավարտ։ ՀՀ Քրեական օրենսգիրքը դառնալու է բոլոր կոռուպցիոներների սեղանի գիրքը, Աստվածաշունչը, չկա այլընտրանք։ Ժողովրդի քվեն աճուրդի հանողները պետք է արևը տեսնեն վանդակավոր։ Սրան նույնպես չկա այլընտրանք», -հայտարարեց Արեն Մկրտչյանը։

Նշենք, որ Ծառուկյանին ազատությունից զրկելու մասին միջնորդության քննարկման ժամանակ ԱԺ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները չեն մասնակցել, ելույթներ չեն եղել։

  • Կիսվել: