երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ՀՀ պատվիրակության անդամների ելույթները հիմնավորապես վերաբերում էին մեր տարածաշրջանում ընթացող գործընթացներին. Աղաջանյան

ՀՀ պատվիրակության անդամների ելույթները հիմնավորապես վերաբերում էին մեր տարածաշրջանում ընթացող գործընթացներին. Աղաջանյան

Ինչպես տեղյակ եք՝ ի սկզբանե խորհրդարանական վեհաժողովը պետք է տեղի ունենար Բուլղարիայում, հաշվի առնելով՝  այդ երկրում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներն այն հետաձգվեց և վերջիվերջո տեղի ունեցավ նոյեմբերի 24-26-ին Վարշավայում: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում անդրադառնալով ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի Հայաստանի պատվիրակության մասնակցությանը՝ ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:

Նրա խոսքով՝ այս նստաշրջանի ընթացքում որևէ փաստաթուղթ չի ընդունվել․ «Ընդհանրապես, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի միայն ամառային նստաշրջանում է, որ տարեկան ամփոփ դեկլարացիա է ընդունվում: Այս նստաշրջանը հիմնականում կոչված է քննարկել արդի տարածաշրջանային խնդիրները և այս հանդիպումն այդ առումով բացառություն չէր»,-ասաց  Էդուարդ Աղաջանյանը:

Աղաջանյանի խոսքով՝ ՀՀ ԱԺ պատվիրակության բոլոր անդամներն ունեցել են ելույթներ. «Ելույթները հիմնավորապես կապված էին և վերաբերում էին մեր տարածաշրջանում ընթացող գործընթացներին, բնականաբար այն հարցերին, որոնք առաջնահերթ հուզում են Հայաստանի Հանրապետությանը, հիմնականում խոսքը  վերաբերել է արցախյան հիմնախնդրին, հայ-ադրբեջանական սահմանին  վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումներին  նաև առանձնազրույցներ են եղել տարբեր պատվիրակությունների անդամների հետ, այդ թվում՝ Շվեդիայի պատվիրակության հետ, Ֆրանսիայի պատվիրակության անդամների հետ և այլն:

Այցի շրջանակներում համատեղել ենք Լեհաստանի  Սեյմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ հանդիպում, ինչպես նաև Սենատի արտաքին հարաբերությունների նախագահի և այլ անդամների հետ հանդիպումներ, պայմանավորվածություններ են ձեռք բերվել Սեյմի, մասնավորապես՝ գործընկերոջ հետ ակտիվացնել և հնարավորության դեպքում նաև ինստիտուցիոնալ մակարդակի վրա հասցնել երկու հանձնաժողովների աշխատանքները և համագործակցությունն առնվազն հասցնել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի համագործակցության մակարդակի»: 

  • Կիսվել: