ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՀՀ ներկայացուցիչը բազմաթիվ հանդիպումներ է անցկացրել Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային 50-րդ կոնֆերանսի շրջանակում

ՀՀ ներկայացուցիչը բազմաթիվ հանդիպումներ է անցկացրել Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային 50-րդ կոնֆերանսի շրջանակում

 Հյուսիսային Մակեդոնիայի Օհրիդ քաղաքում մայիսի 8-ից 10-ը տեղի է ունեցել Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային 50-րդ կոնֆերանսը, որին մասնակցել են Եվրոպայի տարածաշրջանի 53 երկրների 140 պատվիրակներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, դիտորդներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, բացման խոսքով հանդես են եկել Ինտերպոլի նախագահ Ահմեդ Նասար Ալ-Ռաիսին, գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոկը, Հյուսիսային Մակեդոնիայի բարձրաստիճան պաշտոնյաներ: Ելույթներ են ունեցան Ինտերպոլի տարբեր ենթավարչությունների ղեկավարներ և անդամ երկրների պատվիրակներ:

«Քննարկումները հիմնականում նվիրված էին Եվրոպայի տարածաշրջանի երկրներում հանցավորության տարբեր դրսևորումներին և ընթացիկ սպառնալիքներին, տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցում Ինտերպոլի կողմից իրականացվող միջոցառումներին:

Հայաստանի Հանրապետությունը ներկայացրեց ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ, ոստիկանության գնդապետ Նարինե Հակոբյանը: Նա հանդիպումներ ունեցավ Ինտերպոլի Գլխավոր քարտուղարության տարբեր ենթավարչությունների ղեկավարների և անդամ երկրների ԱԿԲ պետերի հետ: Քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Ինտերպոլի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում պատվիրակներին ներկայացվեց Ինտերպոլի նոր նախաձեռնություններից՝ Արտոնությունների և անձեռնմխելիության մասին համաձայնագիրը, կարևորվեց տեղեկատվության փոխանակման նպատակով եվրոպական տարածաշրջանի անդամ երկրների համագործակցության խթանումն ու ընդլայնումը, ինչպես նաև ներկայացվեցին հանցավորության տարբեր ոլորտների դեմ պայքարի ուղղությամբ Ինտերպոլի կողմից իրականացվող միջոցառումները, այդ թվում՝ կազմակերպված հանցավորություն, կիբեռհանցավորություն, ահաբեկչություն, ֆինանսական հանցագործություններ, թրաֆիքինգ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ կոնֆերանսի ընթացքում ընդունվել է երեք բանաձև:

  • Կիսվել: