երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ նախագահն ու Իտալիայի դեսպանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրողությունների վերաբերյալ

ՀՀ նախագահն ու Իտալիայի դեսպանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրողությունների վերաբերյալ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ ընդունել է Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Րիզոյին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Ողջունելով հյուրին նախագահը շնորհավորել է տոնի առթիվ և հաջողություններ մաղթել Իտալիայի ժողովրդին և ղեկավարությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև համագործակցության հետագա զարգացման օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել հայ-իտալական առևտրատնտեսական փոխգործակցության խթանման հնարավորություններին, ինչի կապակցությամբ երկուստեք դրական է գնահատվել երկու երկրների միջև ապրանքաշրջանառության, ինչպես նաև դեպի Իտալիա ուղիղ թռիչքների նշանակալի աճը:

Կարևորվել է հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման գործում հայ-իտալական համագործակցությունը, մասնավորապես՝ իտալական լավագույն փորձի կիրառումը դատաիրավական ոլորտի բարեփոխումներում:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրողությունների վերաբերյալ: Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման և հարավկովկասյան տարածաշրջանում կայուն ու հարատև խաղաղության հասնելու իր դիրքորոշմանը:

  • Կիսվել: