երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ նախագահն ու Ղազախստանի դեսպանը քննարկվել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում հետագա համագործակցության խթանման հեռանկարները

ՀՀ նախագահն ու Ղազախստանի դեսպանը քննարկվել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում հետագա համագործակցության խթանման հեռանկարները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի հետ:

Ողջունելով հյուրին նախագահը շնորհավորել է դեսպանին Ղազախստանի «Հանրապետության և ինքնիշխանության» օրվա կապակցությամբ: «Անկախությունն ու ինքնիշխանությունը բարձրագույն արժեքներ են և Ղազախստանի ժողովրդի համար խորհրդանշական տոնի կապակցությամբ իմ լավագույն մաղթանքներն եմ հղում Ձեր երկրի բարձրագույն ղեկավարությանն ու բարեկամ ղազախ ժողովրդին»,- նշել է նախագահը:

Դեսպան Բոլատ Իմանբաևը շնորհակալություն է հայտնել ընդունելության և ջերմ խոսքերի համար և շեշտել, որ դիվանագիտական ծառայության ընթացքում իր բոլոր ջանքերն ուղղված են հայ-ղազախական հարաբերությունների սերտացմանն ու զարգացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում հետագա համագործակցության խթանման հեռանկարներն ու ուղղությունները: Երկուստեք կարևորվել է փոխգործակցությունը, մասնավորապես բարձր տեխնոլոգիաների և հարակից ոլորտներում:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ղազախստանի խորհրդարանների միջև խորհրդարանական դիվանագիտության դինամիկ զարգացմանը: Այս համատեքստում կարևորվել են երկու երկրների օրենսդիրների փոխայցելություններն ու փորձի փոխանակումը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և Ղազախստանի ակադեմիական շրջանակների միջև համագործակցության ակտիվացման, մասնավորապես ղազախ ժողովրդի պատմության ուսումնասիրության համար Մատենադարանի ռեսուրսների օգտագործմամբ՝ համատեղ հետազոտական ծրագրերի իրականացման հնարավորությունների մասին:

  • Կիսվել: