շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ՀՀ-ն ու Ադրբեջանը ռուս-իրանական դաշինքի խորացումը պետք է դիտարկեն որպես խորքային սպառնալիք. ԱՄՆ Պետդեպի փոխխոսնակ

ՀՀ-ն ու Ադրբեջանը ռուս-իրանական դաշինքի խորացումը պետք է դիտարկեն որպես խորքային սպառնալիք. ԱՄՆ Պետդեպի փոխխոսնակ

Հարավային Կովկասի երկրները ռուս-իրանական դաշինքը պետք է դիտարկեն որպես խորքային սպառնալիք: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ Պետդեպի փոխխոսնակ Վեդանտ Պատելը:

Հարցին, թե արդյոք Իրանի և Ռուսաստանի միջև գտնվող երկրները՝ Հայաստանն ու Ադրբեջանը, ինչպես նաև մյուս երկրները, հստակ գիտակցո՞ւմ են հավանական հետևանքները, եթե թույլ տան իրենց տարածքով իրանական հրթիռները տեղափոխել Ռուսաստան, Պատելը պատասխանել է, որ չի պատրաստվում շահարկել այն, թե ինչպես կարող են այլ երկրները վերաբերվել այս կամ այն երկրին:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ես միայն կօգտվեմ այս առիթից՝ ևս մեկ անգամ կրկնելու, որ Ռուսաստանի՝ Իրանի հետ դաշինքի խորացումը մի բան է, որն ամբողջ աշխարհը՝ ներառյալ տարածաշրջանի երկրները, ներառյալ նշված որոշ երկրներ, պետք է դիտարկեն որպես խորքային սպառնալիք: Մի կողմից՝ ունենք Ռուսաստան, որը մասնակցում է բարբարոսական, անօրինական և անարդար ներխուժմանը մեկ այլ երկիր, իսկ մյուս կողմից՝ ունենք Իրան, որը հայտնի է տարածաշրջանում ապակայունացնող, բռնի գործողությունների մասնակցությամբ: Այնպես որ՝ պետք է մտահոգվի ողջ տարածաշրջանը՛՛:

  • Կիսվել: