չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ՀՀ-ն շատ մեծ աջակցություն է ցուցաբերում ՌԴ-ին՝ հրավիրելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ. Եղոյան

ՀՀ-ն շատ մեծ աջակցություն է ցուցաբերում ՌԴ-ին՝ հրավիրելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ. Եղոյան

Հայաստանը մեծ աջակցություն է ցուցաբերում Ռուսաստանի Դաշնությանը՝ հրավիրելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ, որտեղ ՌԴ-ն՝ որպես Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կարող է իր դիրքորոշումը հայտնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված ճգնաժամի վերաբերյալ:  Ազգային ժողովում ելույթի ժամանակ այս մասին ասաց ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:

«Արդեն 9-րդ օրն է՝ Լաչինի միջանցքը փակ է, և Արցախը գտնվում է շրջափակման մեջ: Ինձ անկեղծ զարմացնում են ընդդիմադիր գործընկերների ելույթները՝ ուղղված Հայաստանի Հանրապետության կառավարությանը: Ինչո՞ւ, որովհետև Լաչինի միջանցքն ամբողջությամբ գտնվում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի վերահսկողության տակ: Հիմա կոչեր են ուղղվում Հայաստանի Հանրապետությանը: Մի պարզ տրամաբանական շղթա կառուցենք: Ռուսաստա՞նն է ավելի ուժեղ պետություն, թե՞ Հայաստանը:Ինձ թվում է, որ Ռուսաստանը։ Նրա բանակն ավելի մեծ է, ունի թե՛ ատոմային ռումբեր, թե՛ հրթիռներ, եւ տնտեսությունն էլ ավելի ուժեղ է։ Իսկ հիմա ընդդիմությունն, ըստ էության, ասում է. «Հայաստանի Հանրապետություն, ինչո՞ւ դու չես կարող անել այն, ինչը չի կարող անել Ռուսաստանի Դաշնությունը»։

Այն, ինչ դուք ասում եք, զուրկ է տրամաբանությունից։ Այլ հարց է, թե մենք ինչպես պետք է այդ դեպքում պահենք մեզ։ Հայաստանը պետք է օգնի՞ Ռուսաստանի Դաշնությանը Լաչինի միջանցքի հարցում, թե՞ ոչ: Եթե օգնելու է, ապա պետք է տեղեկացնեմ, որ օգնում է։ Օրինակ, հրավիրել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ Ռուսաստանը մշտական անդամ է, այնտեղ Ռուսաստանը կարող է իր դիրքորոշումը հայտնել: Դա շատ մեծ աջակցություն է, դա շատ մեծ գործ կլինի: Կարող է ասել, որ պահանջում է անհապաղ բացել Լաչինի միջանցքը: Դա արդեն կլինի շատ մեծ ներդրում: Ինչպես նաև կարող է ասել, որ Հայաստանի Հանրապետությունից որոշ տարածքներ օկուպացված են Ադրբեջանի զինված ուժերի կողմից: Դա էլ կարող է ասել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: Դա էլ շատ մեծ աջակցություն կլինի: Հիմա նիստը կլինի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի, կտեսնենք»,- ասաց Եղոյանը: 

  • Կիսվել: