ՀՀ-ն շարունակում է իր կարողությունները զարգացնել, որպեսզի պատրաստ լինի հնարավորինս շատ սցենարների՝ իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու․Գրիգորյան
Ապաշրջափակման կոնտեքստում ցանկացած միջանցքային տրամաբանության քննարկում հավակնություն է Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ։ Ապաշրջափակման սկզբունքները ՀՀ-ի համար հայտնի են, դրանք՝ փոխադարձության և հավասարության սկզբունքներն են: Այս մասին ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Factor.am-ին տված հարցազրույցի ընթացքում:
Ադրբեջանն այդպես էլ չի՞ համաձայնվում միջազգային պահնորդական կազմակերպության ներգրավմանն ապաշրջափակման հարցում՝ փոխադարձության սկզբունքով, որպեսզի նրանք ներկա գտնվեն ոչ միայն ՀՀ-ով տեղաշարժվելիս, այլև՝ Նախիջևանի տարածքում, հարցին պատասխան Գրիգորյանը նշեց.
«Ապաշրջափակումն այն մասին է, որ և՛ ՀՀ-ի, և՛ Ադրբեջանի տարածքներում պետք է անվտանգության երաշխիքներ լինեն։ Հայաստանը պատրաստ է ներգրավել այլ ինստիտուտներ՝ միայն փոխադարձության սկզբունքով։ Այսինքն, փոխադարձությունը և հավասարությունը ևս կարևոր սկզբունքներ են։ Այս հարցում դեռևս չենք կարողացել համաձայնության հասնել»:
«Հայաստանն ամեն ինչ անելու է՝ ցանկացած հարձակման դեպքում պաշտպանվելու։ Եվ Հայաստանը միայն կարողություն է ձեռք բերում՝ պաշտպանություն կազմակերպելու նպատակով։ Սցենարները կարող են տարբեր լինել, կարող է այս պահին մենք բոլոր սցենարներին պատրաստ չենք, բայց մեր ջանքերն ուղղված են նրան, որ մենք ունենանք բավարար կարողություն բոլոր վտանգները չեզոքացնելու համար։ Եվ սա շարունակական աշխատանք է։ ՀՀ-ն շարունակում է իր կարողությունները զարգացնել, որպեսզի պատրաստ լինի հնարավորինս շատ սցենարների՝ իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու»,- ընդգծել է Գրիգորյանը: