ՀՀ-ն փորձում է կրճատել Ադրբեջանի հետ հաշտության պայմանագրի տեքստը՝ այն արագ ստորագրելու համար․ Հաջիզադե
Երևանը փորձում է կրճատել Բաքվի հետ հաշտության պայմանագրի տեքստը՝ այն արագ ստորագրելու համար, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին մեկնաբանությունները տրամադրվել են հունիսին, մինչդեռ Հայաստանն իր մեկնաբանություններն ուղարկել է միայն օգոստոսի վերջին՝ մոտ 70 օր անց:
Հայկական կողմը Ադրբեջանի կողմից ներկայացված մեկնաբանություններին համարժեք արձագանքելու փոխարեն փորձել է անտեսել խնդիրները՝ նախագծից հանելով անհրաժեշտ դրույթները:
Այս պահին նախագծի դրույթների մեծ մասը, այսինքն՝ շուրջ 80 տոկոսը, համաձայնեցված է, սակայն որոշ դրույթներ դեռևս համաձայնեցված չեն, բայց դա չի նշանակում, որ համաձայնագիրը պետք է ստորագրվի, ինչպես Հայաստանն է առաջարկում ՝ նախագծից չհամաձայնեցված դրույթները բացառելու միջոցով։ Դա անընդունելի է՛՛։
Հաջիզադեն զարձյալ ՀՀ-ին մեղադրել է Ադրբեջանի նկատմամբ ՛՛տարածքայինն նկրտումներ՛՛ ունենալու մեջ:
՛՛ՀՀ-ն փորձում է վերակենդանացնել Մինսկի խմբի աշխատանքը, որը նախկին հակամարտության ժառանգությունն է, ինչը բազմաթիվ հարցեր է առաջացնում իր իրական մտադրությունների վերաբերյալ՝ նվազեցնելով ՛՛խաղաղության համաձայնագրի՛՛ տեքստի ծավալը և կոչ անելով այն ստորագրել ցանկացած ձևով՛՛, ասել է նա և ընդգծել, որ համաձայնագրի նախագիծը ստորագրելու համար Հայաստանն առաջին հերթին պետք է ՛՛համապատասխան փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ՛՛:
՛՛Թեև Հայաստանը տեղյակ է Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը միացնող կոմունիկացիաների բացման հարցով գրավոր պարտավորությունների առկայության մասին, սակայն վերջին մոտ չորս տարվա ընթացքում դրանք չի կատարել:
Ինչ վերաբերում է երկրների տարածքներում գործընթացին օտարերկրյա մասնավոր ընկերության ներգրավման գաղափարներին, ապա հարկ է նշել, որ Ադրբեջանը երբեք չի քննարկել իր տարածքում գործընթացին երրորդ կողմի ներգրավումը՛՛,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսակը: