հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ՀՀ օկուպացված տարածքներից․ Անվտանգության խորհրդի հայտարարությունը

Ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ՀՀ օկուպացված տարածքներից․ Անվտանգության խորհրդի հայտարարությունը

Սեպտեմբերի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ Անվտանգության խորհրդի նիստ։

Արդյունքում ընդունվել է հայտարարությունը, որում նշվում է․ «Ադրբեջանի զինված ուժերը մի քանի ուղղություններով մխրճվել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք: Հայաստանի Զինված ուժերի համառ եւ հերոսական դիմադրության եւ միջազգային հանրության ներգրավման շնորհիվ Ադրբեջանի հարձակումը կասեցվել է, սակայն ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է մնալ լարված:

Ադրբեջանի կողմից վարվող ագրեսիվ քաղաքականությունը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորմանն ուղղված ջանքերը վիժեցնելու եւ Հայաստանի Հանրապետությանն ուժային լուծումներ պարտադրելու նպատակ ունեն:

 

Հայաստանի Հանրապետությունը որդեգրած լինելով խաղաղություն հաստատելու, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման օրակարգ՝ անընդունելի է համարում Ադրբեջանի կողմից վարվող սպառնալիքի եւ հարկադրանքի քաղաքականությունը:

Անվտանգության խորհուրդը հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունն իրեն հասու բոլոր միջոցներով պաշտպանելու է իր անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը: Ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ՀՀ օկուպացված տարածքներից:

Միջազգային հանրությանը կոչ ենք անում Ադրբեջանի վրա շարունակաբար ճնշումներ գործադրել՝ ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիային վերջ դնելու եւ զորքերը ետ քաշելու ուղղությամբ եւ ողջունում ենք բոլոր այն երկրներին եւ կազմակերպություններին, որոնք հանդես են եկել հստակ դիրքորոշմամբ:

Միեւնույն ժամանակ վերահաստատում ենք միջազգային հանրության պատասխանատու անդամի պարտավորությանը հավատարիմ մնալու Հայաստանի Հանրապետության հանձնառությունը»:

Հայտարարությունն ամբողջությամբ՝ այստեղ։

  • Կիսվել: