հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ՀՀ-ն կարող է հարատևել միայն նրա քաղաքացիների պետություն ունենալու կամքի առկայության վրա․ ՀՀ վարչապետ

ՀՀ-ն կարող է հարատևել միայն նրա քաղաքացիների պետություն ունենալու կամքի առկայության վրա․ ՀՀ վարչապետ

Մենք շատ կարևոր քայլ ենք անում և պետության կարևորագույն ինստիտուտներից մեկի վերաբերյալ որոշում ենք կայացնում: Նման քայլերի տրամաբանությունը բխում է մեր գաղափարական այն արձանագրումից, որ ՀՀ-ն կարող է հարատևել միայն նրա քաղաքացիների պետություն ունենալու կամքի առկայության վրա: Այս մասին այսօր Կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին հարցին:

«Պետությունը, առավելապես հանրապետությունը, ժողովրդավարական պետությունը հիմնվում է պետություն ունենալու քաղաքացիական կամքի վրա: Սա մի ինստիտուտ է, որը հենց այդ կամքի արձանագրումն է, որ այդ քաղաքացին ըստ էության այս և մի շարք այլ ինստիտուտներում արձանագրում է պետություն ունենալու իր կամքը և սա չափազանց կարևոր է»,-նշեց Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց, որ այս առումով մի քանի կարևոր որոշումներ են կայացվել.

«Այդ առումով ուզում եմ հիշեցնել անշարժ գույքի հարկի հետ կապված օրենքը: Օրինակ՝ մինչև նախորդ տարվա բարեփոխումներն անշարժ գույքի համակարգում կար շեմ, որից ներքև գույքահարկ չէր վճարվում, մենք քաղաքական որոշում կայացրինք ու ասացինք, որ եթե մարդու գույքահարկը տարեկան 100 դրամ է, այդ 100 դրամը քաղաքացին թող վճարի, և պե՛տք է վճարի: Այդ 100 դրամն իր կյանքը հաստատ չի վատացնելու և պետական բյուջեին էլ բան չի տալու, բայց դա պետություն  ունենալու քաղաքացու կամքի արտահայտություն է լինելու: Ստեղծելու է կապ, որ ես քաղաքացի եմ, ես ունեմ պետություն, պետությունն իմ հանդեպ ունի պարտավորություն և ես պետության հանդեպ ունեմ պարտավորություններ, և ունեմ իրավունքներ, որոնք պետք է պաշտպանված լինեն պետության կողմից»,- նշեց վարչապետն ու հավելեց, որ այդ որոշումը շատ համապարփակ և խորն է:

«Ես ուրախ եմ, որ մենք այս որոշումը կայացնում ենք: Իհարկե, քաղաքական կամքի բացակայություն կամ սակավություն չկար. շատ բարդ համակարգ է և իրեն պետք է շատ լավ նախագծել: Համակարգը փուլային եղանակով է ներդրվում և մենք պետք է այդ համակարգը հետևողականորեն ներդնենք: Պետք է կոնսոլիդացնենք քաղաքական և քաղաքացիական կամքը, որը պետք է արտահայտվի այդ թվում պետական բյուջեի եկամուտների աճով, թափանցիկությամբ, հաշվետվողականությամբ, և ինչպես պետությունն ու պետական ներկայացուցիչներն ունեն, բնականաբար շատ ավելի մեծ և շատ ավելի լայն հաշվետվողականության պատասխանատվություն՝ քաղաքացիների և պետության առաջ, քաղաքացիները՝ ոչ այնքան համապարփակ և խիստ, նույնպես ունեն այդ պատասխանատվությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: