երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
ՀՀ-ն հաճախ դիտարկվում է նաև որպես տրանզիտային երկիր. Բադասյանը՝ 1 տոննա կոկաինի հայտնաբերման մասին

ՀՀ-ն հաճախ դիտարկվում է նաև որպես տրանզիտային երկիր. Բադասյանը՝ 1 տոննա կոկաինի հայտնաբերման մասին

ԱԱԾ-ն հայտնաբերել է Հայաստան ներմուծված «կոկաին» տեսակի շուրջ 1 տոննա քաշով թմրամիջոց: Կառավարության ճեպազրույցների ժամանակ թեմային անդրադառնալիս ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը նշեց, որ դեպքի առնչությամբ մանրամասներ չի կարող հայտնել, և որ ձեռնպահ կմնա որևէ մեկնաբանությունից, բայց կարող է ասել՝ ինչպես է սխեման գործել:

«Տարբեր երկրների մաքսային մարմինները մշակում են ռիսկերի համակարգեր, ալգորիթմներ, որոնց հիման վրա պետք է վեր հանեն, թե որ կոնտեյներն են կամ որ բեռնատարն են ստուգում: Բնականաբար, դրա մասին գիտեն նաև մաքսանենգ ճանապարհով այս կամ այն ապրանք տեղափոխող ընկերությունները, և իրենք էլ կիրառում են տարբեր մեխանիզմներ»,- ասաց նա:

Ռուստամ Բադասյանը նաև հիշեցրեց, որ ամբողջ աշխարհը ողողված է թմրանյութերով, և, բնականաբար, դրանք հայտնվում են տարբեր շուկաներում՝ մաքսանենգ ճանապարհով անցնելով մաքսային հսկողության կետեր կամ շրջանցելով մաքսային հսկողության գոտիները, այսինքն՝ անպայման չէ, որ մաքսային հսկողության գոտիով մաքսանենգ ապրանքը մտնի:

«Օրինակ` Իրանի հետ Հայաստանի Հանրապետության սահմանը որ կա, դեպքերի մեծամասնությունը ռուս սահմանապահների կողմից է հայտնաբերվում, որովհետև, օրինակ, նետում են գետի վրայով թմրանյութը կամ դրոնով տեղափոխում են և նետում այնպիսի գոտում, որտեղից իրենց հանցակիցները կարող են վերցնել»,- ասաց Բադասյանը և մտահոգություն հայտնեց, որ վերջին շրջանում Հայաստանում հայտնվում են այնպիսի թմրանյութեր, որոնք խիստ մահաբեր են, և պետք է մտածել, թե կարողություններն ինչպես զարգացնել դեմն առնելու համար:

Հիշեցնենք, որ Հայաստանում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերությունը Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի տարածքով Հայաստանի Հանրապետություն էր ներմուծել «կոկաին» տեսակի շուրջ 1 տոննա քաշով թմրամիջոց (շուրջ 250 միլիոն եվրո արժողության), որը հայտնաբերվել է և գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում:

  • Կիսվել: