ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
ՀՀ-ն գոյատևման օրակարգը փոխարինել է զարգացման օրակարգով. Նիկոլ Փաշինյան

ՀՀ-ն գոյատևման օրակարգը փոխարինել է զարգացման օրակարգով. Նիկոլ Փաշինյան

Այսօր ՀՀ-ն ապրում է խաղաղության պայմաններում, և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված, և սա է շրջադարձային կետը: «Երևանյան երկխոսություն» 3-րդ միջազգային համաժողովի բացման արարողությանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ինչո՞ւ նախկինում մենք չէինք նկատում, որ ունենք հոյակապ աշխարհագրական դիրք: Խաղաղության բացակայությունը կամ կոնֆլիկտն է, որ մեր տեսադաշտը փակում էր, և մենք չէինք կարող նկատել այն, ինչ ակնհայտորեն դրված է մեր աչքի առաջ: Ուզում եմ սա ընդգծելով՝ կրկին իմ գնահատանքի խոսքերն ասել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին, ում դերակատարումը այսօր հաստատված խաղաղության մեջ առանցքային է, որովհետև այն ճարտարապետությունը, որի ներկայության մասին մենք խոսում ենք այսօր, ի վերջո, արձանագրվել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում նախագահ Մակրոնի և ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնած քառակողմ հանդիպման արդյունքներով, երբ Հայաստանը և Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը, ըստ էության, ճանաչել են Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա՝ փոխադարձաբար ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը և համաձայնելով, որ Ալմա Աթայի հռչակագիրը կդրվի երկու երկրների սահմանազատման հիմքում: Սա շրջադարձային կետ է, և այս շրջադարձային կետում նախագահ Մակրոնի անձնական ներդրումը դժվար է պարզապես գերագնահատել:

Իմ եզրակացությունը այս ամեն ինչից, կոնկրետ ՀՀ օրինակով հետևյալն է, որ թվում է, թե ֆիզիկական կամ տեսանելի կամ աչքի առաջ գտնվող կամ կոնկրետ պարամետրեր ունեցող հանգամանքների փոփոխությամբ մենք կարող ենք հասնել շատ ավելի մեծ փոփոխությունների, քան ի սկզբանե կարող էինք մտածել: Այսօր ես ուրախությամբ եմ արձանագրում, որ այս ամեն ինչի բերումով ՀՀ-ն գոյատևման օրակարգը փոխարինել է զարգացման օրակարգով, որովհետև այն, ինչ նախկինում մեզ համար համարվում էր գոյաբանական սպառնալիք, մենք այսօր գտնվում ենք այդ սպառնալիքը, նկատի ունեմ աշխարհագրական դիրքը, բացառիկ առավելության վերածելու ճանապարհին, երբ որ ՀՀ-ն գրավիչ է ներդրումների համար»,- նշեց վարչապետը:

  • Կիսվել: