հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀՀ-ն և Հնդկաստանը աղետների կառավարման ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր կստորագրեն

ՀՀ-ն և Հնդկաստանը աղետների կառավարման ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր կստորագրեն

 Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին։ Հանդիպմանը մասնակցել են նաև դեսպանության երկրորդ քարտուղար Թեջաս Պագարը և դեսպանի օգնական Լիլիթ Սիմոնյանը: Կողմերն անդրադարձել են «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Հնդկաստանի Հանրապետության Կառավարության միջև աղետների կառավարման ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը, որը նախատեսվում է իրականացնել հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի ընթացքում:

Ինչպես InfoPort.am-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, Անդրանիկ Փիլոյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար և կարևորել երկու կողմերի հետաքրքրվածությունը՝ ոլորտի տարբեր գործընթացներում համագործակցության շրջանակն ավելի հարստացնելու և ընդլայնելու նպատակով։

«Դեսպան Կիշան Դան Դեվալը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և շնորհավորել Անդրանիկ Փիլոյանին ԱԻ նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:

Կողմերը խոսել են փոխգործակցության և դրա զարգացման հեռանկարի մասին, մասնավորապես, կարևորվել է համագործակցության ակտիվացումը ՀՀ ԱԻՆ և Հնդկաստանի ներքին գործերի նախարարության միջև՝ կազմակերպելով փոխայցելություններ փորձի փոխանակման նպատակով: Անդրադարձել են նաև «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Հնդկաստանի Հանրապետության Կառավարության միջև աղետների կառավարման ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը, որը նախատեսվում է իրականացնել հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի ընթացքում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Հնդկաստանի միջազգային տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) ամենամյա ծրագրի շրջանակներում Հնդկաստանում կազմակերպվող դասընթացներին անդրադառանալիս, նշվել է, որ սկսած 2015 թվականից Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները ցուցաբերել են ակտիվ մասնակցություն:

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ դեսպան Կիշան Դան Դեվալն առաջարկել է աջակցել ԱԻ նախարարությանը՝ Հնդկաստանի միջազգային տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) ամենամյա ծրագրի շրջանակներում Հայաստանում մասնագետների վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու և աղետների ռիսկի կանխարգելման նպատակով տեխնիկական աջակցություն ցուցաբերելու գործում:

Հանդիպման ավարտին ԱԻ նախարարը շնորհակալություն է հայտնել ներկայացված առաջարկների և այցի համար, ինչպես նաև վերահաստատել դրանց արդյունավետ իրականացման կողմերի պատրաստակամությունը:

 

  • Կիսվել: