ՀՀ-ն երբևէ որևէ փաստաթղթով չի համաձայնվել իր սուվերենության որևէ սահմանափակման, և իր սուվերեն տարածքի որևէ հատվածի վրա երրորդ երկրի վերահսկողություն հաստատվել չի կարող. ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ խոսնակը մեկնաբանություն է տարածե Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարության վերաբերյալ:
«Հայաստանի Հանրապետության կառավարությունը բոլորովին վերջերս հրապարակել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի հիմնարար սկզբունքներից ակնհայտ է դառնում, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման դեպքում Հայաստանի Հանրապետությունն իր տարածքում իր պետական ինստիտուտների միջոցով պետք է իրականացնի սահմանային, մաքսային հսկողություն:
Բացի դա, ՀՀ ԱԱԾ-ում վերջերս ստեղծվել է հատուկ ստորաբաժանում, որի խնդիրը տարածաշրջանային կոմունիկացիաների բացման դեպքում այդ կոմունիկացիաների ինչպես նաև դրանցով ապրանքների, բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգության ապահովումն է:
Հայաստանի Հանրապետությունը երբևէ, որևէ փաստաթղթով չի համաձայնվել իր սուվերենության որևէ սահմանափակման, և իր սուվերեն տարածքի որևէ հատվածի վրա երրորդ երկրի վերահսկողություն հաստատվել չի կարող»,-ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանով անցնող տարածաշրջանային և միջազգային կոմունիկացիաների, ինչպես նաև դրանցով ապրանքների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգությունն ապահովելու համար ՀՀ ԱԱԾ-ի կազմում ստեղծված ստորաբաժանմանը:
՛՛Ցանկանում եմ հիշեցնել, որ վերոնշյալ հայտարարությունների համաձայն՝ Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունը պետք է իրականացնեն ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները՛՛,- ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը: