հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
ՀՀ-ն ակնկալում է, որ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը կտրվի այս կամ հաջորդ ամիս. պատգամավոր

ՀՀ-ն ակնկալում է, որ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը կտրվի այս կամ հաջորդ ամիս. պատգամավոր

Եվրամիության հետ վիզաների ազատականացման երկխոսության մասով Հայաստանը բավականին դրական ազդակներ է ստանում: 

Այս մասին ասաց ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը «Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ունեցած ելույթում: 

«Անխոս, եվրոպական ինտեգրման օրակարգը ՀՀ-ում այլընտրանք չունի: Եվ մենք արդեն իսկ գնում ենք եվրաինտեգրման ուղղությամբ: Խոսքը միայն Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասին չէ, այլ ամենաբարձր մակարդակով հայտարարել ենք մեր պատրաստակամության մասին՝ ԵՄ-ին այնքան մոտ լինել, որքան դրան պատրաստ է ԵՄ-ն»,-ասաց Ղազարյանը: 

Ըստ նրա՝ Հայաստանի վարչապետի ելույթի արձագանքն էր ապրիլի 5-ի Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպումը և ձեռք բերված համաձայնությունները: 

«Եվրաինտեգրումը միայն ֆինանսական աջակցությունը չէ, դա նաև տնտեսական, էներգետիկ անվտանգությանն ուղղված մեր համաձայնություններն են: Օրինակ՝ «Սևծովյան մալուխը», որն իսկապես աննախադեպ ծրագիր է, և Հայաստանին դրա մասնակցությունը կրկին լինելու է շրջադարձային: Եվրաինտեգրումը նաև մարդու իրավունքների ոլորտում կատարված և տարվող ինստիտուցիոնալ ռեֆորմներն են, որոնք կրկին անշրջելի են դարձնելու մեր եվրաինտեգրման ուղին»,–ասաց պատգամավորը: 

Նա ընդգծեց՝ Հայաստանը հայտ է ներկայացրել երկու մեծ ծրագրերին միանալու: Առաջինը խաղաղության գործիքակազմն է: Պատգամավորը ցավով նշեց, որ Եվրամիության արձագանքն այս առումով բացասական է՝ Հունգարիայի կողմից վետո կիրառելու հանգամանքով պայմանավորված: «Եվ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը, թերևս, տրված չէ՝ չնայած այս մասով բավականին դրական ազդակներ ենք ստանում: Եվ ակնկալում ենք, որ այս ամիս կամ հաջորդ ամիս մենք կունենանք երկխոսության մեկնարկը»,–ասաց պատգամավորը:  

Նա եվրաինտեգրման կոնտեքստում, ինչպես նաև Հարավային Կովկասում կայունության ապահովման գործում շատ կարևորեց նաև Միացյալ Նահանգների դերը: 

 

  • Կիսվել: