երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ՀՀ կառավարությունը դեմ չէ պետական դրոշի գործածման տարածքները ընդլայնելու նախագծին

ՀՀ կառավարությունը դեմ չէ պետական դրոշի գործածման տարածքները ընդլայնելու նախագծին

ՀՀ կառավարության դիրքորոշումը դրական է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի ներկայացրած նախագծին, որով առաջարկվում է ընդլայնել դրոշի գործածման տարածքները:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արայիկ Խզմալյանն ասաց, թե այսօր կարիք ունենք պետական խորհրդանիշների հանդեպ հանրային վերաբերմունքի նորոգման:

«Խոսվեց, որ այսօր տարբեր կարևոր կառույցների վրա չի եղել ՀՀ պետական դրոշը, բայց ավելի վատ դեպքեր ունենք, երբ դրոշը կա, բայց ավելի լավ է չլիներ. մենք շատ հաճախ ստիպված ենք լինում ահազանգել տարբեր կազմակերպությունների ղեկավարներին ու պահանջել, որ դրոշը փոխվի, դրոշաձողը բարեկարգվի», - ասաց նա:

Փոխնախարարը նշեց, թե մի քանի դիտարկում ունեն նախագծի վերաբերյալ ու համատեղ աշխատանքի արդյունքում կշտկեն դրանք:

Աղվան Վարդանյանի առաջարկած նախագծով առաջարկվում է օրենքի մակարդակով կանոնակարգել երեք տոնի՝ Սահմանադրության օրվա, Հանրապետության և Անկախության տոների ժամանակ հանրային օգտագործման վայրերին հարող շենքերի վրա պետական դրոշի գործածման կարգը: Կանոնները խախտելու դեպքում առաջարկվում է պատասախանատվության ենթարկել:

Արա Խզմալյանը նշեց, թե պետք է հստակ նշել այն պահանջները, որոնց խախտման համար առաջանալու է պատասխանատվություն:

Փոխնախարարն ասաց նաև, թե գլոբալ քննարկում կա պետական սիմվոլներին վերաբերող դաշտի շուրջ, որովհետև կարիք կա հռչակագրային դաշտից օրենքը բերել ավելի գործնական կիրառելիության տիրույթ:

  • Կիսվել: