հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
ՀՀ իշխանությունները պետք է սարեր շուռ տային՝ Բաքվում պահվող հայերին ազատ արձակելու համար․ Ռոբերտ Ամստերդամ

ՀՀ իշխանությունները պետք է սարեր շուռ տային՝ Բաքվում պահվող հայերին ազատ արձակելու համար․ Ռոբերտ Ամստերդամ

Հայաստանի իշխանությունները պետք է «սարեր շրջեին»՝ Բաքվում պահվող հայերին ազատ արձակելու համար։ Այս մասին «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարել է միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը։

Ամստերդամը, լինելով կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի իրավաբանական թիմի անդամ, այցելել է նրան բանտում։ «Մեծ պատիվ է խոսել մեծ հայրենասերի անունից։ Նա մի մարդ է, ով հայերին կտանի դեպի կրոնի և պատմության հանդեպ հարգանքը, ով զիջումների չի գնա օտարերկրյա ուժերի առջև, մարդ, ով հասկանում է, որ խաղաղություն չի նշանակում հանձնվել։ Որպես հայ՝ նա հասկանում է, որ ոչ մի ծրագիր չի կարող արդարացվել Բաքվում քրիստոնյա հայերի անօրինական ձերբակալությամբ։ Ինչո՞ւ այդ մարդկանց լուսանկարները չեն ցուցադրվել ԱՄՆ փոխնախագահի առջև։ Ինչո՞ւ այսօր Երևանում կան հալածվող քրիստոնյաներ։ Ինչո՞ւ Սամվել Կարապետյանն այստեղ չէ»,- հարցրել է իրավաբանը։ Նա հիշեցրել է, որ Սամվել Կարապետյանի «հանցանքը» Աստծուն և եկեղեցուն պաշտպանելն էր։

«Միևնույն ժամանակ Բաքվում տեղի է ունենում անօրինական շոու՝ Միջազգային մարդասիրական իրավունքի խախտմամբ։ Այդ մարդկանց համար պետք էր սարեր շրջել, որպեսզի նրանք վերադառնային իրենց ընտանիքներին։ Մենք պարտավոր ենք խոսել նրանց մասին ամեն օր և ամեն ժամ։ Ի՞նչ իրավունքով եք դուք մոռանում նրանց զոհողությունը։ Ի՞նչ իրավունք ունի կառավարությունը որևէ մեկի հետ որևէ բանի մասին խոսել, քանի դեռ նրանք ազատության մեջ չեն»,- հայտարարել է Ամստերդամը՝ զուգահեռներ անցկացնելով նախորդ դարում Իրանում պահվող պատանդների հետ, որոնց չէին հանձնում նախագահ Քարթերին, մինչև Ռեյգանի իշխանության գալը։

Նա համոզված է, որ դառը հիասթափություն է սպասվում բոլոր նրանց, ովքեր կարծում են, թե կարող են օգտագործել նրանց (գերիներին) որպես Հայաստանի վրա ճնշում գործադրելու լծակ, երբ բախվեն Սամվել Կարապետյանի անկոտրում քաղաքականությանը։ «Հույս ունեմ, որ նրա տաղանդը կծառայի հայ ժողովրդի բարօրությանը»,- նշել է իրավաբանը՝ հավելելով, որ Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունները խախտում են սահմանադրությունը և Հայ Առաքելական Եկեղեցու առաքելությունը՝ օրենքները հարմարեցնելով իրենց շահերին։

  • Կիսվել: