ՀՀ-ին սպառնացող արհավիրքների պարագայում իմ անձով օրակարգ չպետք է ստեղծեմ. Հրայր Թովմասյան
Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանն իր դեմ ներկայացված քրեական գործի շրջանակներում ներկայացավ դատարան։ Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Թովմասյանն անդրադարձավ դատավորի այն հայտարարությանը, որ նա խուսափում է քրեական վարույթին մասնակցելուց և պետք է բերման ենթարկել. «Ես սպասեցի, սպասեցի, որ բերման ենթարկեին, բայց ոնց տեսնում եք... Այդպես էլ ինձ ոչ ոք բերման չենթարկեց, եւ եւ լավ է, որ բերման չենթարկեց, քանի որ այդ մասով կոպիտ միջամտություն կլիներ իմ իրավունքներին»։
Ի պատասխան հարցին, թե դատավորի ճառերն ում էին ուղղված, Թովմասյանը նշեց. «Այս պահին ունեմ իհարկե ենթադրություններ, բայց նպատակահարմար չեմ համարում դատավորի վարքագծի վերաբերյալ ենթադրություններով խոսել, մի քիչ սպասեք՝ պարզ կդառնա։ Ավարտական ճառում համապարփակ ես հարցերին կանդրադառնամ»։
Հարցին, թե ինչու է դեմ լուսաբանմանը, Հրայր Թովմասյանը պատասխանեց. «Ունեմ երկու խնդիր՝ պայքար դրսում, և պայքար մաքուր իրավական դատարանում և ես կարծում եմ, որ այն արհավիրքները, որ ՀՀ-ին սպառնում են, չպետք է ես փորձեմ իմ անձով օրակարգ ստեղծել և լցնել դրանով, շատ կարևոր գործեր կան, քան իմ դատական գործն է»:
Թովմասյանը նշեց, որ հիմնավոր չեն այն պնդումները, թե 131 նիստերից 70-ը նրա պատճառով չի կայացել. «Իմ պատճառով չէ, հարցրեք, թե դրանցից քանիսի բացակայություններն են ճանաչվել անհարգելի»։
Նշենք, որ այսօր դատարանում Թովմասյանն ասել էր. «Ես պատշաճ կերպով ծանուցված չեմ եղել, կարող եմ նաեւ սրան էլ անդրադառնամ, երբ որ դուք ինձ հեռացրել եք, ես չգիտեմ՝ քանի ժամ է տեւում, ինչ է տեւում, չեք էլ իրազեկում եւ որոշում եք բերման ենթարկել: Կա այնպիսի երեւույթ, որ մեկ նիստի չծանուցված չներկայանալու դեպքում որոշվի բերման ենթարկել: Կարող էիք սովորական հեռախոսային հաղորդագրւթյուն ուղարկել եւ ես կներկայանայի, ես խնդիր չունեմ խոսւափելու: Ինչ վերաբերում է բերման ենթարկելու որոշմանը, ասեմ արդյոք արժեր ինձ բերման ենթարկել, թե՝ ոչ»:
Այնուհետեւ Հրայր Թովմասյանը մեջբերել էր ՍԴ որոշումը անձին բերման ենթարկելու հետ կապված եւ ասաց, որ ըստ այդ որոշման դա անձին ազատությունից զրկել է համարվում:
Հրայր Թովմասյանը նաեւ աշխատանքային էլէկտրոնային հասցե տրամադրեց դատարանին, որպեսզի դրանով ծանուցեն իրեն դատական նիստերի մասին: Դատական նիստն այսօր ավարտվեց, հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին, ժամը 15:00-ին:
Հիշեցնենք, որ նախորդ նիստերից մեկի ժամանակ դատարանը Հրայր Թովմասյանին հեռացրել է դահլիճից՝ խաչը գրպանը դնելու պահանջը չկատարելու համար, սակայն վերջին նիստի ժամանակ դատավոր Տաթևիկ Գրիգորյանն առաջարկեց որպեսզի պաշտպանը Հրայր Թովմասյանին հրավիրի դատական նիստին: Նշենք, որ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։
Դատական տեղեկատվական համակարգում ներկայացված մեղադրանքի համաձայն. «Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը և օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական, կարգադրիչ լիազորություններով, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով նույն նախարարության մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ, խոչընդոտել է նոտարների կողմից իրենց գործունեության վայրի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14-րդ շենքի 162-րդ հասցեում գտնվող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքն իրացնելու գործընթացին, որով էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատւթյան նախարարության, նոտարների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։



