ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
ՀՀ-ի ու Ադրբեջանի հայտը քննարկվում է․ Հնդկաստանի ԱԳՆ-ն՝ ՇՀԿ-ին անդամակցության մասին

ՀՀ-ի ու Ադրբեջանի հայտը քննարկվում է․ Հնդկաստանի ԱԳՆ-ն՝ ՇՀԿ-ին անդամակցության մասին

Հնդկաստանը հերքել է Շանհայի համագործակցության կազմակերպությանը՝ ՇՀԿ-ին, իր անդամակցությունը խոչընդոտելու մասին Ադրբեջանի մեղադրանքները Չինաստանի Տյանցզին քաղաքում վերջերս կայացած գագաթնաժողովի ժամանակ՝ պարզաբանելով, որ անդամ պետությունները չեն կարող որոշում կայացնել ժամանակային սահմանափակումների պատճառով։ Այս մասին ասված է Հնդկաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:

Հնդկաստանի ԱԳՆ-ն նաև նշել է, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը դիմել են ՇՀԿ անդամակցության համար:

«Ժամանակի սղության պատճառով անդամ պետությունները չեն կարողացել որոշում կայացնել այս հարցի վերաբերյալ Թիենծինում: Հարցը շարունակում է քննարկվել խմբի կողմից», – ասել է ԱԳՆ խոսնակ Ռանդհիր Ջայսվալը:

Հիշեցնենք, որ ՇՀԿ գագաթնաժողովի ավարտից հետո Ադրբեջանը հայտարարել էր, որ Հնդկաստանը խոչընդոտել է իր անդամակցությանը, ադրբեջանական որոշ աղբյուրներ էլ նշել էին, թե Պակիստանը խոչընդոտել է Հայաստանի անդամակցությանը ՇՀԿ-ին:

Իսկ այսօր ավելի վաղ ադրբեջանական իշխանամերձ APA գործակալությունը, վկայակոչելով  դիվանագիտական ​​աղբյուրներից ստացված տեղեկատվությունը, հայտնել էր, որ ՇՀԿ-ին Ադրբեջանի անդամակցության արգելափակումը նախաձեռնել է ոչ միայն Հնդկաստանը, այլև Ռուսաստանը, որը ևս  ակտիվորեն մասնակցել է այդ գործընթացին։

  • Կիսվել: