ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ասում են, որ Ղարաբաղի հարցը կարելի էր լուծել, կարելի էր լուծել լուծեիք, ով էր ձեզ խանգարում. վարչապետ

Ասում են, որ Ղարաբաղի հարցը կարելի էր լուծել, կարելի էր լուծել լուծեիք, ով էր ձեզ խանգարում. վարչապետ

«Ցանկացած բանի պատասխանատուն ի վերջո երկրի իշխանությունն է և երկրի գործադիր իշխանության առաջին դեմքը, այսինքն, որպես քաղաքական պնդում, ես դա բնական եմ համարում»,- հրավիրված մամուլի ասուլիսում խոսելով ընդդիմադիրների այն պնդման մասին, թե երկրում կատարվող ամեն ինչի մեղավորը Փաշինյանն է՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ պարզ է, որ բոլոր լավ բարեփոխումների էլ, ձախողումների  պատասխանատուն էլ բնականաբար ինքն է.

«Ես ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ երբեք չեմ խուսափել քաղաքական պատասխանատվություն կրելուց և այդ քաղաքական պատասխանատվության արտացոլումն էր, որ 2021 թվականին ես հրաժարական տվեցի, որպեսզի Հայաստանում տեղի ունենան արտահերթ խորհրդարական ընտրություններ: Ընդհանրապես, քաղաքական առումով այդ պնդումը հասկանալի է: Եթե ես այս կետի վրա կանգնեմ ուղղակի վատ ծառայություն կմատուցեմ և՛ ՀՀ-ին, և՛ նրա ժողովրդին, և՛ ընդդիմությանը, և՛ բոլորին: Եթե մենք ուզում ենք խնդիրները լուծել, պետք է այդ խնդիրների ենթատեքստը, բովանդակությունը հասկանանք, որովհետև, ի վերջո, 2020 թվականի պատերազմին նախորդել է 2016 թվականի պատերազմը: Ընդհանուր առմամբ՝ ես կարծում եմ, որ մենք նաև այսօր ԼՂ-ի հարցը և այս ամբողջ պատմությունն ավելի լավ հասկանալու անհրաժեշտություն ունենք, ի վերջո պիտի արձանագրեմ, որ այս պատմությունը մեծ հաշվով ՀՀ-ի և պետականության մասին է և նրա մասին է, թե մենք ժամանակն ինչպես ենք օգտագործել և ինչպես ենք օգտագործում մեր պետության ինստիտուցիոնալ կայացման համար: ՀՀ-ի պետական շահը պետք է դառնա մեր գործողությունների ելակետը, մենք այս քաղաքականությունն ենք որդեգրում և այս քաղաքականության և՛ հաջողությունների, և՛ անհաջողությունների պատասխանատուն՝ իհարկե ես եմ, ես այդ պատասխանատվությունից երբեք չեմ խուսափել»:

Փաշինյանն անդրադարձավ նաև ընդդիմադիրների մի շարք պնդումների. «Ասում են, որ կարելի էր խուսափել պատերազմից, միշտ էլ կարելի է խուսափել պատերազմից, բայց ինչ գնով, ասում են, որ Ղարաբաղի հարցը կարելի էր լուծել, կարելի էր լուծել լուծեիք, ով էր ձեզ խանգարում: Այս հարցը միայն քաղաքական հարց չի, այն նաև պատմական կոնտեքստ ունի, սոցիալ-հոգեբանական կոնտեքստ ունի, մտածելակերպի կոնտեքստ ունի»:

Վարչապետ խոսեց նաև այն մասին, թե ինչու է ընդդիմությունը դեմ քվերակել Արտաքին հետախուզական ծառայության ստեղծմանը.

«Ինչ վերաբերում է նրան, որ ընդդիմությունը դեմ է Արտաքին հետախուզական ծառայության ստեղծմանը, մենք չենք կարող որևէ մեկին զրկել որևէ բանի դեմ կամ կողմ լինելու իրավունքից: Ես ճիշտն ասած չգիտեի՝ նրանք դեմ են քվեարկել, թե կողմ, դա իրենց իրավունքն է: Ես էլ ժամանակին, երբ ընդդիմադիր եմ եղել, որոշ հարցերի դեմ եմ քվեարկել, կողմ կամ ձեռնպահ: Բայց ասեմ, որ եղել են դեպքեր, երբ ես կողմ եմ քվեարկել և շատ մեծ քննադատության եմ արժանացել, այդ թվում իմ գործընկերների և կուսակիցների կողմից, բայց քաղաքական գործունեությունն այդպիսի առանձնահատկություններ ունի»:

  • Կիսվել: