երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ-ի համար ըմբռնելի է էքսկլավ, անկլավների հարցն ավելի ուշ դիտարկելու մոտեցումը

ՀՀ-ի համար ըմբռնելի է էքսկլավ, անկլավների հարցն ավելի ուշ դիտարկելու մոտեցումը

Հայաստանի Հանրապետության համար ըմբռնելի է էքսկլավ, անկլավների հարցն ավելի ուշ դիտարկելու մոտեցումը։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։ Շեշտվում է, որ այս դեպքում ևս որպես ելակետ պետք է ունենալ դե յուրե իրավական ուժ ունեցող փաստաթղթերի հիման վրա տարածքները սահմանազատելու և սահմանագծելու մոտեցումը:
 
Մեր թղթակիցը հետաքրքրվել էր, թե ինչպես է փոխվարչապետի գրասենյակը գնահատում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակի հայտարարությունը, թե, այսպես կոչված, էքսկլավային գյուղերի պատկանելությունն անվիճելի է, և դրանք պետք է անհապաղ «ազատագրվեն»։
 
Գրիգորյանի գրասենյակից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետությունը հավակնություններ չունի իր միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս որևէ տարածքի նկատմամբ, բայց նաև չի կարող սեփական ինքնիշխան տարածքը հանձնել:
 

«Խնդրո առարկա հատվածներում անհրաժեշտ է տեղորոշել, թե որտեղ է սկսվում Հայաստանի Հանրապետության տարածքը, և այդ տեղորոշումը պետք է իրականացվի իրավական ուժ ունեցող փաստաթղթերի հիման վրա, և ըստ այդմ դե յուրե Հայաստանի Հանրապետության տարածքը պետք է լինի Հայաստանի Հանրապետության տնօրինության և վերահսկողության ներքո, իսկ Ադրբեջանական Հանրապետության տարածքը՝ Ադրբեջանական Հանրապետության տնօրինության և վերահսկողության ներքո։ Վարչապետ Փաշինյանը նշել է, որ սահմանի ողջ երկայնքով Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է գնալ նման լուծումների»,- նշված է պատասխանում:

Անդրադառնալով հանձնաժողովների աշխատանքին նշվում է, որ երկու երկրների կողմից հաստատված աշխատակարգի համաձայն՝ հանդիպումների արդյունքում հրապարակվում են պաշտոնական մամուլի հաղորդագրություններ, որոնցից դուրս պարզաբանումներ կամ մեկնաբանություններ չեն թույլատրվում:

  • Կիսվել: