ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև բանակցությունների խորությունը ցույց է տալիս հակամարտության կարգավորման ներուժը, որը երկար ժամանակ տեսանելի չէր. Ռիքեր

ՀՀ-ի և Ադրբեջանի միջև բանակցությունների խորությունը ցույց է տալիս հակամարտության կարգավորման ներուժը, որը երկար ժամանակ տեսանելի չէր. Ռիքեր

Երեւանի եւ Բաքվի միջեւ ընթացիկ բանակցությունների տեմպն ու խորությունը ցույց են տալիս հակամարտության կարգավորման ներուժը, որը մենք երկար ժամանակ չէինք տեսնում։ Այս մասին, ելույթ ունենալով Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ, հայտարարել է Կովկասում բանակցությունների գծով ԱՄՆ պետքարտուղարի խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆիլիպ Ռիքերը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Բնականաբար, երկու երկրների իշխանությունները դեռ շատ անելիքներ ունեն, այդ թվում՝ մարդու իրավունքների եւ միջազգային օրենքների խախտման մեղադրանքների հետաքննությունները եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելը։

Մինչ ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն խրախուսում եւ նպաստում են բանակցություններին, Հայաստանն ու Ադրբեջանը որոշում են դրանց բովանդակությունը։ Երկու երկրների միջեւ ուղիղ բանակցությունները՝ պայմանավորված նրանց շահերով, եւ ոչ թե արտաքին խաղացողների շահերով, երկարաժամկետ հաջողության ամենամեծ շանսերն ունեն՛՛։

Նա հավաստիացրել է, որ իրենք ամեն կերպ կաջակցեն այդ ջանքերին։

՛՛Պետքարտուղար Բլինքենն առաջարկել է ԱՄՆ-ի տեխնիկական աջակցությունն այնպիսի հարցերում, ինչպիսիք են սահմանների սահմանազատումը եւ տրանսպորտային ճանապարհների պլանավորումը: Թեեւ վիճելի հարցերի լուծումը մնում է Հայաստանի եւ Ադրբեջանի պարտավորությունը, ես հստակ հասկացրել եմ, որ միջազգային հանրությունը եւ Միացյալ Նահանգները հատուկ պատասխանատվություն են կրում, էթնիկ հայերի իրավունքները եւ անվտանգությունը երաշխավորվեն հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում:

Ես բազմիցս կոչ եմ արել երկու երկրների ղեկավարներին դիտարկել միջազգային մեխանիզմի կամ կոնստրուկցիայի ստեղծման հարցը, որը կապահովի Լեռնային Ղարաբաղին վերաբերող ցանկացած համաձայնագրի մոնիտորինգը եւ հաշվետվողականությունը՛՛,-ասել է Ռիքերը:

Նա հավելել է, որ, բացի այդ, իրենք առաջնորդներին կոչ են անում ընտրել բարգավաճման ապագան եւ ցույց տալ ՛՛միասին աշխատելու իմաստությունը հանուն խաղաղության, որն օգուտ կբերի տարածաշրջանի ժողովրդին՝ ապագա սերունդների համար՛՛:

  • Կիսվել: