ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՀՀ դեսպանը և Հորդանանի մշակույթի նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության խթանմանն ու հետագա զարգացմանն առնչվող հարցեր

ՀՀ դեսպանը և Հորդանանի մշակույթի նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության խթանմանն ու հետագա զարգացմանն առնչվող հարցեր

Դեկտեմբերի 11-15-ը Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը (նստավայրը՝ Դամասկոս) այցելել է Ամման:
 
Այցի շրջանակներում ՀՀ դեսպանը հանդիպումներ է ունեցել Հորդանանի մշակույթի նախարար Հայֆա Նաջջարի և բարձրագույն կրթության նախարար Ուաջիհ Աուիսի հետ:
 
Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են նշված բնագավառներում Հայաստանի Հանրապետության և Հորդանանի միջև երկկողմ համագործակցության խթանմանն ու հետագա զարգացմանն առնչվող հարցեր:
 
Պայմանավորվածություն է ձեռք բերվել 2022 թ. ընթացքում երկու երկրներում փոխադարձաբար մշակութային օրեր կազմակերպելու վերաբերյալ: Տիգրան Գևորգյանը հրավիրել է տիկին Հայֆա Նաջջարին այցելել Հայաստան՝ իրեն հարմար ժամանակ: Հրավերը սիրով ընդունվել է:
 
 
Կրթության նախարարի հետ հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանը բարձր է գնահատել արդյունավետ համագործակցությունը հատկապես բուհական կրթության ոլորտում: Նախարար Աուիսը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետությանը սերտ գործակցության համար և պատրաստակամություն հայտնել ապագայում ևս ջանքեր գործադրել համագործակցությունը էլ ավելի խորացնելու ուղղությամբ և պատրաստակամություն է հայտնել պատեհ առիթով այցելել Հայաստան:
 
Հանդիպումների ավարտից հետո ՀՀ դեսպանը և նախարարներ Հայֆա Նաջջարն ու Ուաջիհ Աուիսը ստորագրել են համապատասխանաբար «ՀՀ և Հորդանանի կառավարությունների միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի և «ՀՀ և Հորդանանի կառավարությունների միջև կրթության և գիտության ոլորտներում համագործակցության մասին» համաձայնագրի 2021-2026 թթ. գործնական ծրագրերը:
 
Հորդանան կատարած այցի ընթացքում դեսպան Գևորգյանը հանդիպում է ունեցել նաև ՀՀԹ արտաքին գործերի նախարարության եվրոպայի երկրների գլխավոր վարչության պետ դեսպան Ֆայեզ ալ-Խուրիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և անվտանգային հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցները խիստ կարևորել են երկու երկրների արտաքին գերատեսչոթյունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացումն ու բարձրաստիճան այցերի իրականացումը:
 
 
Ամման կատարած այցի շրջանակներում դեսպանը հանդիպումներ է ունեցել նաև հորդանանահայ համայնքի ներկայացուցիչների հետ:
 
Քննարկվել է համայնքի առջև ծառացած հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ հյուպատոսական բնույթի բազմաթիվ հարցեր: Այցի ընթացքում Սիրիայում ՀՀ դեսպանության հյուպատոսն Ամմանում իրականացրել է արտագնա հյուպատոսական ընդունելություն: Հյուպատոսական ծառայություններ է մատուցվել շուրջ երկու հարյուր մեր հայրենակիցներին:
 

  • Կիսվել: