ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթն ընդունվեց

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթն ընդունվեց

Մարտի 19-ի արտահերթ նիստում Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի, Արթուր Դավթյանի, Վահագն Հովակիմյանի եւ Սերգեյ Ատոմյանի հեղինակած ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով:

Առաջինից երկրորդ ընթերցման հատվածում կատարված փոփոխությունները ներկայացրեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Նշվեց, որ օրենսդրական փաթեթից հանվել են վարչական եւ քաղաքացիական դատավարության օրենսգրքերին վերաբերող փոփոխությունները: «Մենք փորձել ենք նախագծից հանել եւ վերաձեւակերպել բոլոր վիճահարույց դրույթները»,-ասաց հիմնական զեկուցողը:

Անդրադառնալով դատավորների անկախությանն ու սոցիալական երաշխիքներին՝ նշվեց, որ այդ դրույթը եւս լրամշակվել է. ԲԴԽ անդամ դառնալիս դատավորի ավելի բարձր վարձատրությունը պահպանվելու է:

Օրենսդրական փաթեթով հստակեցվել են անհատական դիմումների ժամկետները եւ քննության ընթացակարգը:

Հարակից զեկույցում գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Սիսակ Գաբրիելյանը՝ նշելով, որ հնչեցված մտահոգությունները փարատվել են:

Քվեարկության արդյունքում օրենսդրական փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ:

Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտեց արտահերթ նիստի աշխատանքները:

 

  • Կիսվել: