կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՀՀ ԱԳՆ խոսնակը պատասխանել է Ալիևի հայտարարություններին՝ ԼՂ-ում ժողովրդագրական պատկերը փոխելու վերաբերյալ

ՀՀ ԱԳՆ խոսնակը պատասխանել է Ալիևի հայտարարություններին՝ ԼՂ-ում ժողովրդագրական պատկերը փոխելու վերաբերյալ

Մենք դատապարտում ենք ներքաղաքական խնդիրների հասցեագրման նպատակով ԼՂ հակամարտությանն առնչվող հարցերի, մասնավորապես՝ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգության շահարկումը: Այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը, անրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին՝ նվիրված Սումգաիթ քաղաքի 70-ամյակին, որում նա, մասնավորապես ասել է, որ ափսոսում է, որ սովետական շրջանում չհաջողեցին փոխել ԼՂ-ում ժողովրդագրական պատկերը։

«Սումգայիթյան ջարդերը լավագույնս փաստագրված են, և Ադրբեջանի կողմից փաստերի խեղաթյուրումը ժխտողականության վտանգավոր դրսևորում է, որը հրահրում է հայերի նկատմամբ ատելություն և ցեղասպան միտումներ: Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում, Թալիշում և այլուր հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությունները, էթնիկ զտումները և զանգվածային ջարդերի չդատապարտումը ու ավելին՝ դրանց արդարացումը, Ադրբեջանի իշխանությունների կողմից խրախուսվող հակահայկական հռետորաբանությունը, Ռամիլ Սաֆարովի և հայերի սպանելու համար այլ մարդասպանների հերոսացումը. այս ամենը խաթարում է վստահության ձևավորումը և վնասում խաղաղ գործընթացին:

Բացահայտելով Ադրբեջանի մտադրությունը և այս ուղղությամբ իրականացված քաղաքականությունը՝ փոխելու Արցախի ժողովրդագրական պատկերը՝ հայերի քանակի նվազեցման և ադրբեջանցիների քանակի ավելացման միջոցով՝ Ադրբեջանի նախագահն առավել ընդգծում է հայկական կողմի՝ Արցախի ժողովրդի էքզիստենցիալ ֆիզիկական անվտանգությանն առնչվող հիմնական մտահոգության վավերականությունը 1988թ.-ին և այսօր:

Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին քաղաքական կամք ցուցաբերել Սումգայիթի զանգվածային բռնություններին իրական գնահատական տալու առնչությամբ, դադարեցնել ժխտողականությունը և հարգել զոհերի ու վերապրածների արժանապատվությունը, արժանահավատորեն նպաստել ժողովուրդներին խաղաղության նախապատրսաստմանը»,- ասված է խոսնակի հայտարարության մեջ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: