հինգշաբթի, սեպտեմբեր 24
24 / 9 / 2026
ՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները

ՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Բաց կառավարման գործընկերության» (Open Government Partnership, OGP) առաջնորդների՝ «Թափանցիկություն, դիմակայունություն և բարգավաճում» խորագրով կլոր սեղան քննարկմանը։  Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:

«Բարեկեցիկ և մրցունակ տնտեսություններ» պանելային քննարկման ընթացքում ԱԳՄԱ նախարարության գլխավոր քարտուղարն անդրադարձ է կատարել վերջին տարիներին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին և դրանց պայմաններում տնտեսական կայուն աճի ապահովման կարևորությանը՝ ընդգծելով ժողովրդավարական ամուր հիմքերի, օրենքի գերակայության և արդյունավետ ինստիտուտների դերը։

Դավիթ Կարապետյանը ներկայացրել է Հայաստանում իրականացվող թվայնացման, հանրային և քաղաքացիական մասնակցության ընդլայնման, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող բարեփոխումները։

Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքական, այդ թվում՝ տնտեսական առաջնահերթություններին՝ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարն ընդգծել է առևտրային կապերի դիվերսիֆիկացման, ներդրումների ներգրավման և փոխշահավետ տնտեսական համագործակցության ընդլայնման կարևորությունը։

Դավիթ Կարապետյանն անդրադարձ է կատարել նաև միջազգային առևտրի բաղադիչով ՀՀ արտաքին գերատեսչության լիազորությունների ընդլայնմանը: Ընդգծվել է, որ հաստատված խաղաղության պայմաններում արտաքին քաղաքականությունը պետք է նպաստի նաև տնտեսական հնարավորությունների ստեղծմանը, միջազգային առևտրային կապերի ընդլայնմանը և քաղաքացիների բարեկեցության մակարդակի բարձրացմանը։

ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը կարևորել է նաև Բաց կառավարման գործընկերության շրջանակներում համագործակցության ներուժը՝ միջազգային առևտրի խթանման, տեղական բիզնեսի՝ միջազգային շուկաներ մուտքի և օտարերկրյա ներդրումների ներգրավման կարողությունների զարգացման տեսանկյունից։

  • Կիսվել: