ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Ուրուգվայի դեսպանը կարևորել են առևտրատնտեսական և կրթամշակութային, համագործակցության ընդլայնումը
Մայիսի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորանշանակ դեսպան Սիլվանա Գրասիելա Լեսկա Բարոլինին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:
Նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նա նշանակալի ներդրում կունենա Հայաստանի և Ուրուգվայի միջև հարաբերությունների ամրապնդման գործում։
Զրուցակիցներն անդրադարձել են երկու ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված կապերին, երկկողմ օրակարգի զարգացման հարցերին: Կարևորվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այդ թվում՝ առևտրատնտեսական և կրթամշակութային, համագործակցության ընդլայնումը:
Քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք այլ հարցեր: