ՀՀ ԱԳ փոխնախարարը և Սլովենիակի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են միջազգային և տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր
«Երևանյան երկխոսություն» միջազգային երկրորդ համաժողովի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարության պետքարտուղար Մարկո Շտուցինի հետ:
ՀՀ ԱԳ նախարարությունից հայտնում են, որ երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է Հայաստանի և Սլովենիայի միջև քաղաքական երկխոսության առկա բարձր մակարդակը և կարևորվել բարձրաստիճան փոխայցելությունների և շփումների շարունակականության պահպանումը:
Հանդիպմանը կողմերը քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական, ներդրումային, գիտակրթական, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցության զարգացմանը, ինչպես նաև «Երևանյան երկխոսություն» և Բլեդի ռազմավարական համաժողովների միջև փոխգործակցության հաստատմանն ուղղված քայլերը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության հետագա խորացման հնարավորությունների շուրջ:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցերին։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրման, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցության ուղիների արդյունավետ ապաշրջափակման կարևորությունը։