երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Հետեւողական կյանքի են կոչվում ԱՊՀ երկրների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի որոշումները. ՔԿԾ

Հետեւողական կյանքի են կոչվում ԱՊՀ երկրների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի որոշումները. ՔԿԾ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը, հանդիսանալով ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի անդամ եւ ակտիվ ներգրավվածություն ունենալով խորհրդի որոշումների կայացմանը եւ իրագործմանը, 2019 թվականի հոկտեմբերի 11-ին ԱՊՀ անդամ-պետությունների ղեկավարների կողմից ընդունված «Ահաբեկչության եւ ծայրահեղականության այլ բռնի դրսեւորումների դեմ պայքարի 2020-2022թթ. համագործակցության ծրագրի» շրջանակներում պարբերաբար նախաձեռնում է տարաբնույթ միջոցառումներ։

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ մասնավորապես՝ 2021 թվականի հուլիսի 4-ին Քրեակատարողական ծառայության պետ, գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի նախագահությամբ անցկացվել է գիտագործնական սեմինար՝ «Ազգային եւ կրոնական հիմքի վրա թշնամանքի եւ անհամաձայնության բորբոքման հակազդում» եւ «Ռադիկալ (ծայրահեղական) գաղափարախոսության ենթարկված սոցիալական որոշ խմբերի միջավայրում ահաբեկչության եւ կրոնական ծայրահեղականության դեմ կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման ու անցկացման գործում պետական իշխանության մարմինների դերը» թեմաներով, որին մասնակցել են Քրեակատարողական ծառայության պետի օպերատիվ գծով տեղակալ Գագիկ Մարկոսյանը, համակարգի օպերատիվ, անվտանգության եւ պահպանության ապահովման, սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքների ստորաբաժանումների, ինչպես նաեւ ներքին անվտանգության, ուղեկցումների, հերթապահության եւ հատուկ նշանակության բաժինների ծառայողները։

Զեկույցներով հանդես են եկել Քրեակատարողական ծառայության շտաբի իրավախորհրդատու Էդուարդ Կալիյանը, գլխավոր մասնագետ Ռաֆայել Հարությունյանը եւ Հայ-ռուսական համալսարանի իրավունքի եւ քաղաքագիտության ինստիտուտի քրեական եւ քրեադատավարական իրավունքի ամբիոնի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Ղուկասյանը, որից հետո քննարկում է ծավալվել քրեակատարողական համակարգում ահաբեկչական եւ ծայրահեղականության այլ բռնի դրսեւորումների նախականխմանն ու բացահայտմանն ուղղված միջոցառումների կազմակերպմանը եւ անցկացմանն առնչվող հիմնախնդիրների վերաբերյալ։

Հարկ է նշել նաեւ, որ «Ահաբեկչության եւ ծայրահեղականության այլ բռնի դրսեւորումների դեմ պայքարի 2020-2022թթ. համագործակցության ծրագրի» պահանջների կատարումն ապահովելու նպատակով Քրեակատարողական ծառայությունում ձեւավորվել է աշխատանքային խումբ, անցկացվում են թեմային նվիրված գիտական հետազոտություններ, որոնց արդյունքները ծանոթացվելու են համակարգի իրավասու ստորաբաժանումների ծառայողներին (աշխատակիցներին)։

Գիտագործնական սեմինարները եւ աշխատանքային քննարկումները կրելու են շարունակական բնույթ։

  • Կիսվել: