Հերթական անգամ դավաճանում են, ուրանում են Արցախը. Սա ժողովրդի համար պետք է ցուցիչ լինի. Արծվիկ Մինասյան
Մենք հատուկ այնպես էինք արել, որ որեւէ առճակատվող հարց քննարկման առարկա չդառնա, որպեսզի նաեւ ժողովուրդը տեսնի եւ եւս մեկ անգամ համոզվի՝ արդյոք մեծամասնությունը թեկուզ հումանիտար հարցերում պատրաստ է կանգնել արցախցու կողքին: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետություն տեղափոխված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կենսագործունեության կազմակերպման պայմանները ուսումնասիրելու նպատակով ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծմանը:
«Այն վարքագիծը, որ իրենք դրսեւորում են եւ եթե դեմ քվեարկեն, ստացվում է, որ չեն կանգնում արցախցու կողքին, հերթական անգամ դավաճանում են, ուրանում են Արցախը եւ մեր ժողովրդի համար էլ պետք է սա լինի ցուցիչ»,-ասաց նա:
Նշենք, որ քիչ առաջ ՔՊ-ն դեմ քվեարկեց Բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետություն տեղափոխված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կենսագործունեության կազմակերպման պայմանները ուսումնասիրելու նպատակով ԱԺ քննիչ հանձնաժողովի ձեւավորմանը եւ այն չանցավ: