ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
Հենց իրավունքներն ու անվտանգությունն են որոշելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը․ Արմեն Գրիգորյան

Հենց իրավունքներն ու անվտանգությունն են որոշելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը․ Արմեն Գրիգորյան

Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշեց, որ Արցախի անվտանգության և ժողովրդի իրավունքների հարցից պետք է բխի կարգավիճակը: 

«Մենք շարունակում ենք կարևորել Արցախում ապրող մեր հայրենակիցների անվտանգությունը և իրավունքները, որից էլ պետք է բխի կարգավիճակը: Համոզված ենք, որ հենց իրավունքներն ու անվտանգությունն են որոշելու կարգավիճակը: Շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ և համոզված ենք, որ այս ուղղությամբ աշխատելով՝ մենք արդյունքներ ենք ունենալու»,- ասաց Գրիգորյանը:

Հարց հնչեց նաև Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Ալիևի հայտարարության մասին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում, ըստ լրատվամիջոցների, Ալիևը հայտնել էր, որ բրյուսելյան հանդիպմանը պայմանավորվել են «Զանգեզուրի միջանցքի» բացման շուրջ:

«Բրյուսելից եղել է պարզաբանում, որ միջանցքային տրամաբանությամբ որևէ քննարկում չի եղել: Ի դեպ, սրա մասին Մոսկվայի մեր գործընկերներն են ժամանակին հայտարարել: Հենց նոյեմբերին փոխվարչապետ Օվերչուկի կողմից հայտարարություն է եղել, որտեղ նա նշել է, որ միջանցքային տրամաբանության որևէ հարց չի քննարկվում:

Ադրբեջանը բանակցություններին չհամապատասխանող հայտարարություններ է անում, բայց մենք կարող ենք հստակ ասել, որ մենք ինչ բանակցում ենք՝ հրապարակային կոմունիկացնում ենք»,- ասաց Գրիգորյանը:

Հարցին, թե ժամանակին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» թեզը դեռ պնդո՞ւմ են` Գրիգորյանը պատասխանեց, որ Փաշինյանն ԱԺ-ում արդեն իսկ արձագանքել է դրան և իրենք նազմիցս այդ հարցին պատասխանել են։

  • Կիսվել: