ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հեղափոխությունից հետո ղարաբաղյան բանակցությունների սեղանին նոր փաստաթուղթ չի ձևավորվել․ ՀՀ վարչապետ

Հեղափոխությունից հետո ղարաբաղյան բանակցությունների սեղանին նոր փաստաթուղթ չի ձևավորվել․ ՀՀ վարչապետ

2018-ին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո ղարաբաղյան բանակցությունների ընթացքում նոր փաստաթուղթ չի ձևավորվել, այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՌԴ արտգործնախարարի՝ ղարաբաղյան բանակցություններում փուլային փաստաթղթի գոյության վերաբերյալ հայտարարության մասին InfoPort.am-ի հարցին։

«Մենք մեր սկզբունքները արձանագրել ենք, և հարց է եղել, թե արդյոք մենք շարունակելու ենք բանակցությունները այն կետից, ինչ թողել է Սերժ Սարգսյանը, մենք ասել ենք՝ ոչ, դա, որպես ժառանգություն, մեզ համար ընդունելի չէ։ Պետք չի փորձել մեզ կաշկանդել, որ մենք բանակցային սեղանի շուրջ չխոսենք, չլսենք։ Կան ամենատարբեր տեսակետները ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման ձևերի և փուլերի կամ բանակցություններ, կամ փուլային-փաթեթային տարբերակների վերաբերյալ։

Փուլային-փաթեթային ասելով պետք է հասկանալ՝ ինչ ենք ասում։ Փաթեթային ասելով ի՞նչ ենք հասկանում, հասկանում ենք, որ հարցը լուծվելու է մի ժամո՞ւմ։ Փուլայն ասելով ի՞նչ ենք հասկանում, որ հարցը լուծվելու է 100 տարո՞ւմ։

Սրանք հարցեր են որ պետք է շատ մանրամասն պարզաբանվեն։ Ինչ վերաբերում է փաստաթղթին, պետք է ասեմ, որ հեղափոխությունից հետո նոր փաստաթուղթ չի ձևավորվել, իսկ հին փաստաթղթի շուրջ բանակցել մենք հրաժարվել ենք, ասել ենք՝ մեզ համար դա անընդունելի է։ Պետք չի մեզ դնել մի վիճակի մեջ, որ մենք վախենանք ինչ-որ բան ասել, ինչ-որ բան լսել։ Մենք պետք է գտնենք լուծում իմ առաջարկած բանաձևի շրջանակում, որը պետք է ընդունելի լինի Հայաստանի Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդների համար, և այս քննարկումները նրա համար են, որ լուծումը գտնվի։ Շատերն ասում են՝ հնարավոր չի նման լուծում, է, հնարավոր չի, հնարավոր չի, չի լուծվի։ Մեր խնդիրն է, որ լուծվի», - հայտարաեց վարչապետը։

  • Կիսվել: