երկուշաբթի, օգոստոս 24
24 / 8 / 2026
Հեղափոխության կիսատ մնացած օրակարգը իր ավարտին ենք հասցնելու աստիճանաբար. Փաշինյանը թվարկեց անելիքները

Հեղափոխության կիսատ մնացած օրակարգը իր ավարտին ենք հասցնելու աստիճանաբար. Փաշինյանը թվարկեց անելիքները

Ինձ համար մեծ պատիվ է Ազգային ժողովից ներկայացնել կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը, որով թևակոխում ենք Չորրորդ Հանրապետություն։ Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել կառավարության ծրագիրը, որը հիմնված է իրական Հայաստանի գաղափարախոսության վրա։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 24–ին, ԱԺ–ում կառավատության առաջիկա 5–ամյակի ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնավորապես, հայտարարեց. «Ինձ համար մեծ պատիվ է կառավարության ծրագրի ներկայացման այս առիթով վերահաստատել իմ կառավարության և կառավարող մեծամասնության նվիրվածությունը 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխության օրակարգին, որը 2026-2031 թվականներին պետք է հասնի իր լրումին։

Իսկ ո՞րն է հեղափոխության օրակարգը, արդարության միջավայրի հաստատումը, անպատժելիության և օլիգարխիայի բացառումը, ապօրինի ձեռք բերված գույքի վերադարձը պետությանը և ժողովրդին, հանրային լայն հնչեղության հանցագործությունների բացահայտումը և մեղավորներին պատասխանատվության կանչելը, կոռուպցիայից զերծ պետության հաստատումը, ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, թափանցիկ և մասնակցային կառավարումը։

Այս բոլոր ուղղություններով 2018 թվականից ի վեր Հայաստանում էական զարգացումներ են տեղի ունեցել, բայց այնուամենայնիվ, այդ օրակարգը անկատար է մնացել երկու հիմնական պատճառով։ Պատճառներից մեկն այն է, որ Կովիդ-ի համաճարակից ի վեր Հայաստանի ղեկավարումը ստանձնած հեղափոխական թիմը ստիպված է եղել զբաղվել ճգնաժամային կառավարմամբ և նրա ուշադրության և էներգիայի մեծ մասը կենտրոնացած են եղել հենց ճգնաժամային օրակարգերի վրա։ Երկրորդ և ոչ պակաս կարևոր պատճառը արտաքին և ներքին զարտուղի ազդեցություններն են մեր երկրի ինստիտուտների և նրանց գործունեության վրա։

Բայց ի հեճուկս այս ամենի՝ մենք ի վիճակի ենք եղել իրականացնել ինստիտուցիոնալ բարեփոխումներ, որոնք վստահություն են տալիս, որ ի վերջո հեղափոխության կիսատ մնացած օրակարգը ի լրումին կհասնի, որովհետև այդ օրակարգի իրացումը ընթանում է ամբողջ ծավալով, այսօր է ընթանում։ Ապօրինի կերպով ձեռք բերված գույքի վերադարձի համակարգը արդեն իսկ գործում է լիարժեք կերպով։ Պետական և համայնքային շահերի պաշտպանության համակարգին զուգահեռ արդեն իսկ շուրջ 304 միլիարդ 182 միլիոն դրամի գույք և դրամական միջոցներ են վերադարձվել պետությանը։

Սրանից բացի Հայաստանի Հանրապետությունը մասնաբաժին ունի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, Ամուլսարի նախագծում, «Վիվա Արմենիայում», հազարավոր հեկտարներով հողեր, որոնք դե յուրե կամ դեֆակտո ապօրինի կերպով սեփականաշնորհված էին, վերադարձվել են համայնքներին և կառավարությանը, այդ թվում բանակցությունների միջոցով։

Էլ չեմ ասում այն փաստի մասին, որ ՀՀ  պետական բյուջեի եկամուտները 2017–ի համեմատ 2025–ի արդյունքներով ավելի քան կրկնապատկվել է, և այդ մուտքերի մեջ, բացի տնտեսական աճը, էական դեր ունի ստվերի կրճատումը, որտեղ գեներացված ահռելի միջոցներ պետական բյուջեի փոխարեն հեղափոխությունից առաջ հոսում էին բոլորիս հայտնի մարդկանց գրպանները։

Կառավարության 2026–2031 թվականների գործունեության ծրագրում արձանագրված է մինչև 2031 թվականը շուրջ 2 միլիարդ դոլարի ապօրինի ծագում ունեցող գույքի պետությանը վերադարձնելու հրամայականը և այն պրոցեսները որ տեղի են ունենում «ՀԷՑ»–ի, «Արարատ ցեմենտի», Ծաղկածորի ճոպանուղու շուրջ, վստահություն են տալիս որ այս խնդիրը ի վերջո կլուծվի՝ ընդգրկելով ապօրինի ծագում ունեցող գույքի ավելի մեծ շրջանակ։ Այս գործընթացը ի դեպ կարևոր է ոչ միայն նախորդող շրջանի կոռուպցիայի հետևանքները վերացնելու, այլև կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի զերծ պետության տեսլականը իրագործելու համար»։

  • Կիսվել: