ՀԷՑ կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը գործում է շատ սանձարձակ. Դավիթ Ղազինյան
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որքան էլ պնդեն, որ անկախ է, բոլորս հասկանում ենք, որ անկախ չէ։ Ընդհուպ նոր իրականացված այս հակասահմանադրական օրենսդրական փոփոխություններից հետո Հանձնաժողովի նախագահը, թեկուզ միանձնյա իրավունք ունենալով, կարող էր ընտրել՝ ոչ կառավարիչ նշանակելու պատժամիջոցը, բայց ընդունեց այն պատժամիջոցը, ինչի մասին հայտարարում էին իշխանության ներկայացուցիչները՝ մինչև օրենքի ընդունումը։ Բացի այդ, Հանձնաժողովի նախագահը բացարձակ վերահսկողություն չունի կառավարչի նկատմամբ, որովհետև կառավարիչը գործում է սանձարձակ՝ առանց իր իրավունքները տեսնելու հայտարարություններ է անում։ Դա նշանակում է, որ Հանձնաժողովի նախագահը որևէ վերահսկողություն չունի։ Այս մասին հրավիրված ասուլիսում ասաց ՀԷՑ տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։
Ղազինյանը, շարունակելով ներկայացնել Մեսրոպյանի անկախ չլինելու հանգամանքները, հիշեցրեց, որ նա կառավարիչ է նշանակել իշխող կուսակցության առաջին համարներում գտնվող մի անձի, որը մի ամբողջ ՊՎԾ ղեկավար է։
«Այնպես չէ, որ համապատասխան սուբյեկտն աչքի է ընկել մի այսպիսի կառավարման շատ լավ ունակություններով։ Դե լավ մենեջեր լինելը կարող ենք գնահատել ՊՎԾ ֆունկցիաների իրականացմամբ, հիմա՝ արդյոք լավ է իրականացվել, ես ունեմ իմ կարծիքը, բայց հաշվի առնելով, որ ամեն օր ականատես ենք լինում կոռուպցիոն սխեմաների, դեպքերի բացահայտման, ապա դա նշանակում է, որ ՊՎԾ-ն խնդիր ունի այդտեղ։ Համոզված եմ՝ հանձնաժողովի նախագահն անկախ չէ, բայց ինչու է իր վրա վերցրել այդպիսի բեռ, ինչու է հայտնվել «մահապարտի» կարգավիճակում, չեմ կարող ասել»,- ասաց Ղազինյանը։


