երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Հայտարարությունները չեն կանգնեցնում ագրեսոր Ադրբեջանի քայլերը․ ԵԱՀԿ ԽՎ Ֆինլանդիայի պատվիրակություն

Հայտարարությունները չեն կանգնեցնում ագրեսոր Ադրբեջանի քայլերը․ ԵԱՀԿ ԽՎ Ֆինլանդիայի պատվիրակություն

Հայաստանի շուրջ ստեղծված ներկա իրավիճակը, առկա մարտահրավերներն ու խնդիրները ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Ֆինլանդիա բարեկամական խմբի ղեկավար Աննա Մկրտչյանը քննարկել է ԵԱՀԿ ԽՎ Ֆինլանդիայի պատվիրակության անդամների հետ՝ Ֆինլանդիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Վիլհեմ Յունիլլայի գլխավորությամբ: Հանդիպումը կայացել է նոյեմբերի 19-ին՝ Երեւանում ընթացող ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի շրջանակում, տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից։

Աննա Մկրտչյանն անդրադարձել է ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Լեռնային Ղարաբաղի հայաթափման, էթնիկ զտման խնդիրներին՝ նշելով, որ Ադրբեջանը շարունակում է հնչեցնել իր սպառնալիքները: Միջազգային կառույցի իր գործընկերներին դիմելով՝  պատգամավորն ընդգծել է, որ Ադրբեջանի հանդեպ եղած մոտեցումներն անհրաժեշտ է խստացնել, քանի որ եթե Ադրբեջանը խախտում է միջազգային իրավունքի նորմերը, ապա պիտի նաեւ պատասխանատվություն կրի դրա համար:

Ըստ Հայաստան-Ֆինլանդիա բարեկամական խմբի ղեկավարի՝ պետք չէ բավարարվել սոսկ հայտարարություններով, քանզի նման հայտարարությունները չեն կանգնեցնում ագրեսոր Ադրբեջանի քայլերը: Նա շեշտել է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունը: «Պետք է միջազգային հանրությունը միջազգային պարտավորությունների, մասնավորապես, մարդասիրական իրավունքի շրջանակում ապահովի մեր քաղաքացիների կյանքի եւ ազատ տեղաշարժի իրավունքը»,- ասել է Աննա Մկրտչյանը:

Պատգամավորն անդրադարձել է նաեւ Հայաստանի ներքաղաքական հարցերին: Ըստ նրա՝ Հայաստանում կան քաղաքական հայացքների համար ազատությունից զրկված անձինք:

Կողմերը կարեւորել են նաեւ միջխորհրդարանական համագործակցությունը՝ ընդգծելով բարեկամական խմբերի միջեւ  կապերի խորացումն ու ընդլայնումը:

Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են այս պահին Սյունիքում տիրող իրավիճակի մասին:

  • Կիսվել: