շաբաթ, մայիս 31
31 / 5 / 2025
Հայրենիքի վաճառքի փորձը ձախողվելու է, այս վարչախումբը կանգնելու է հայ ժողովրդի դատի առաջ. «ՀայաՔվե»

Հայրենիքի վաճառքի փորձը ձախողվելու է, այս վարչախումբը կանգնելու է հայ ժողովրդի դատի առաջ. «ՀայաՔվե»

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհուրդն արձանագրում է, որ իշխող վարչախումբը մեր ժողովրդի դեմ նոր տեղեկատվական ահաբեկչություն է սկսել` նպատակ ունենալով շեղելու հանրության ուշադրությունը առկա խնդիրներից, և այդ պայմաններում ստորագրելու երկար նախապատրաստվող կապիտուլյացիոն փաստաթուղթը։ Այս մասին հայտարարություն է տարածել «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհուրդը։

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«•Տիրանայում տեղի ունեցած եվրոպական քաղաքական համաժողովից հետո պարզ է դառնում, որ այս վարչախումբը նոր հանձնվողական պարտավորություններ է ստանձնել, այդ թվում՝ իրական Արցախը հավասարեցնելով այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» գոյության կեղծ թեզի հետ։ Այս քայլը ծառայում է Ալիևի բռնապետական վարչակարգին՝ հիմնավորելու Հայաստանն ադրբեջանցիներով բնակեցնելու իր ցնորական ծրագիրը և մեկընդմիշտ փակելու Արցախի հարցը։

  • Միաժամանակ, վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը խոսում է նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին՝ բացահայտորեն ընդունելով Բաքվի պահանջները, այդ թվում՝ հրաժարվելով ՀՀ Անկախության հռչակագրից և դրանում ամրագրված համազգային նպատակներից։ Վարչախմբի գործողությունները վկայում են Հայաստանի ինքնիշխանության փաստացի վերացման և Ադրբեջանի թելադրած օրակարգով գործելու հնազանդ պատրաստակամության մասին։

Հասարակության նկատմամբ շարունակվող տեղեկատվական ահաբեկչությունն ուղեկցվում է կեղծ խոստումներով, թե իբր կհաստատվի կայուն խաղաղություն, որից հետո հայերն ու ադրբեջանցիներն ազատորեն կտեղաշարժվեն և առևտուր կանեն։

Սա տեղի է ունենում այն պայմաններում, երբ Բաքվում հայերի դեմ շարունակվում են կեղծ դատավարությունները և հետապնդումները, բռնապետ Ալիևը կրկին խոսում է Սյունիքի նկատմամբ Ադրբեջանի իրավունքների մասին, ադրբեջանական հրոսակները շարունակում են հայկական խաղաղ բնակավայրերի գնդակոծությունները, շարունակվում է Արցախի հայկական ժառանգության գիշատչական ավերումը։

«ՀայաՔվեն» հայտարարում է, որ հայրենիքի վաճառքի այս հերթական փորձը ձախողվելու է։ Մենք հանձնառու ենք իշխանությունից հեռացնելու թշնամու կամակատարներին և ի վերջո կանգնեցնելու նրանց հայ ժողովրդի արդար դատի առաջ։

  • Կիսվել: