Հայրենասիրությունից խոսում են նրանք, ովքեր ժամանակին թալանել են Գյումրին՝ մեկը գնում էր Մոնտե Կառլոյում կազինո էր խաղում, մեկը՝ Տանզանիայում բուքմեյքերական ընկերություն բացում. Ալեքսանյան
«Քիչ առաջ այստեղից ելույթ էին ունենում ընդդիմադիր պատգամավորներ, առնվազն «Պատիվ ունեմ» խմբակցության հետ կապված կա քրեական գործ, որ նրանց շտաբի պետն ընտրությունների ժամանակ ընտրակաշառք է բաժանել, ձեր ծնողների ընկերներին, հարազատներին, տարել են գումար են տվել, ասել են՝ ընտրեք մեզ, դա անում են այն քաղաքական ուժերը, որոնք ունեն նպատակ՝ թալանել ձեր երկիրը»,- ԱԺ-ում հայտարարությունների ժամին այս մասին ասաց ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ դիմելով նիստին հետևող դպրոցականներին:
«Մի աղջիկ կար՝ բավականին գեղեցկադեմ պատգամավորուհի խոսում էր հայրենասիրության մասին, այդ աղջկա հայրն էլ իր ժամանակին էր խոսում հայրենասիրության մասին, գյուղապետ էր, հիմա դատվում է կառուպցայի գործով, որովհետև թալանել է իր գյուղը»,- ասաց նա:
«Մի ուրիշ պատգամավոր էլ խոսում էր հայրենասերների մասին, վերջին անգամ պարոն Մամիջանյանը հայրենասեր բառն օգտագործել է ԼՂ-ում Սամվել Շահրամանյանի ու նրա խմբակի իշխանության գալու ժամանակ, դա այն խմբակն է, որ ստորագրել է ԼՂ լուծարումը, հիմա նույնը ցանկանում է անել ՀՀ-ում: Եթե այս ընդդիմադիր ուժերի ցանկացածն իրագործվի, մեր գեղեցիկ դրոշը ՀՀ-ում պիտի փոխվի, սրա փոխարեն կլինի ուրիշ եռագույն՝ վերևում սպիտակ երիզով , ու դուք, ձեր եղբայրները պիտի ինչ-որ պահի գնան Դոմբասում պատերազմեն ուրիշ երկրի շահերի համար»,- ասաց Ալեքսանյանը:
Նաև խոսեց Գյումրիում սպասվող ընտրություններից.«Գյումրիում էրեխեքն ապրում են գրունտային փողոցներում ինչի՞, որովհետև այս մարդիկ ովքեր խոսում են հայրենասիրությունից, ժամանակին թալանել են Գյումրին, նրա հերը գիտեմ ինչ ունի, էն մեկը գնում էր Մոնտե Կառլոյում կազինոներում էր խաղում, էն մեկը՝ Տանզանիայում բուքմեյքերական ընկերություն էր բացում, ձեր պես էրեխեքի հաշվին»: