շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Հայոց ցեղասպանությունը մեծ դեր է խաղացել Հայաստանի և Ֆրանսիայի պատմության մեջ. Սեժուրնե

Հայոց ցեղասպանությունը մեծ դեր է խաղացել Հայաստանի և Ֆրանսիայի պատմության մեջ. Սեժուրնե

Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա է համագործակցության հարուստ օրակարգ տարբեր ոլորտներում։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16-ի առավոտյան Երեւանում Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հետ համատեղ ասուլիսում ասաց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Միրզոյանի խոսքով, հարաբերությունները հիմնված են երկու ժողովուրդների պատմական ամուր բարեկամության վրա, և գործակցությունն ընդգրկում է քաղաքականությունից մինչև մշակույթ՝ անընդհատ հարստանալով նոր տարրերով։

Նախարարն ասաց, որ նախօրեին ֆրանսիացի գործընկերոջ հետ այցելել է Վեդիի կառուցվող ջրամբար, որը երկու երկրների տնտեսական համագործակցության վառ օրինակ է։

Իր հերթին, Ստեֆան Սեժուրնեն, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ասաց, որ իր համար պատիվ է գտնվել մի երկրում, որը «մոտ է ֆրանսիացիների սրտերին»։ Նախարարն ասաց, որ նախօրեին այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և բուռն հույզեր է ապրել։ «Հայոց ցեղասպանությունը մի բան է, որը մեծ դեր է խաղացել մեր երկրների պատմության մեջ»,- նշել է ԱԳՆ ղեկավարը։

Նրա խոսքով, հուշահամալիրի ճանապարհին նա հանդիպել է բազմաթիվ ֆրանսիացիների, ինչը երկու ժողովուրդների խորը հարաբերությունների եւս մեկ վկայություն է։ «Երբ պատմական ռեվիզիոնիզմն օգտագործվում է պատմական հանցագործություններն արդարացնելու համար, անհրաժեշտ է պայքարել հանուն հիշողության և ընդդեմ ստի», - ասել է Սեժուրնեն: Որպես ընդհանուր պատմության օրինակ՝ նա բերեց դիմադրության մարտիկներ Միսաք և Մելինե Մանուշյաններին, որոնց աճյունը վերջերս վերաթաղվեց Պանթեոնում:

Անդրադառնալով տնտեսական զարգացմանն օժանդակելուն, նախարարը տեղեկացրեց, որ առաջիկայում փորձագետ կուղարկվի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։

  • Կիսվել: