հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասև էջերից մեկն է. Հունաստանի խորհրդարանի նախագահ

Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասև էջերից մեկն է. Հունաստանի խորհրդարանի նախագահ

Հունաստանի խորհրդարանի նախագահ Նիկիտաս Կակլամանիսը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ:

«1915 թ. ապրիլի 24 - 2025 թ. ապրիլի 24.

110 տարի անց՝ Հայոց ցեղասպանության պաշտոնական մեկնարկից

Այդ օրը օսմանյան Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին, կտտանքների ենթարկվեցին և սպանվեցին հայ մտավորականների և համայնքային առաջնորդների մեծ մասը։ Նրանց հետ միասին կախաղան բարձրացվեցին հարյուրավոր պոլսահայեր։

Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասև էջերից մեկն է, որը խլեց 1.5 միլիոն հայերի կյանք և դարձավ միլիոնավորների տարագրության ու տառապանքի սկիզբ։

Եվ այնուամենայնիվ, 110 տարի անց այս սարսափելի պատմական դեպքերից հետո Թուրքիան պաշտոնապես շարունակում է համառորեն մերժել պատմական ճշմարտությունը։

Եւ այսօր այն վայրում, որտեղ պատմությունն ու վերքերը հանդիպում են ներկային և ապագայի հույսերին, մենք բոլորս պարտավոր ենք հիշել, պատվել և պաշտպանել մեր եղբայրների հիշողությունը, այսօր՝ հայերի, վաղը՝ փոքրասիացիների, պոնտոսցիների և կիպրացիների։

Որովհետև միայն այսպես՝ հիշողությամբ ու խոհեմությամբ կարող ենք միավորվել և դիմակայել մոռացությանը ու պատմության աղավաղմանը»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք՝ այս տարի լրանում է 1915 թ. Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը:

Ամեն տարի՝ ապրիլի 24-ին, հարյուր հազարավոր հայերի սգո երթը լուռ շարժվում է դեպի Հայոց ցեղասպանության հուշակոթող, ծաղիկներ խոնարհում շուրջ 1,5 միլիոն զոհերի հիշատակին:

  • Կիսվել: